2019թ․-ի հուլիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի (Hayk Marutyan) անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 130 հոդված, որոնցից 57-ը եղել է բացասական, 12-ը՝ դրական, 61-ը՝ չեզոք։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին մեծ քանակությամբ բացասական հոդվածները հիմնականում վերաբերում են քաղաքային աղբահանության խնդրին։ Այս տասնօրյակում Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին (2017-ի գումարման) անդամ Սոնա Աղեկյանը մի քանի աջակիցների հետ աղբ էր լցրել Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ և այդ քայլով արտահայտել էր իր դժգոհությունն իրականացվող աղբահանությունից և կոշտ քննադատության էր ենթարկել քաղաքապետին։ Քննադատության մեծ ալիք կա նաև համացանցում, որն էլ իր արտացոլումն է ստանում նաև լրատվականներում։
Հայկ Մարությանի մասնակցությամբ վերջերս գովազդ հայտնվեց հեռուստաեթերում․ այդ գովազդը ևս քննադատության արժանացավ։ Քաղաքապետին հորդորում էին գովազդում նկարահանվելու փոխարեն քաղաքային խնդիրներով զբաղվել։
Քննադատությունների հիմք է հանդիսացել նաև վերջերս Երևանում վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարանով ապահովելը։ Առաջին հայացքից թեման չպետք է քննադատական լիներ, բայց նախկին իշխանության կողմնակիցները պնդում են, որ Հայկ Մարությանն իրեն է վերագրում նախկինների իրականացրած աշխատանքը։ Նրանք պնդում են նաև, որ նոր շենքերի կառուցապատումը և այդ ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը մշակել և սկսել է իրականացնել նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Փաստացի, Հայկ Մարությանը քաղաքային խնդիրների պատճառով հայտնվում է քննադատությունների կիզակետում։ Պարբերաբար հայտնվող աղբակույտի նկարները ևս մեկ հարված են քաղաքապետի իմիջին։ Հայկ Մարությանը պետք է ճիշտ կադրային քաղաքականություն իրականացնի, որպեսզի քաղաքային խնդիրները հետզհետե լուծվեն, իսկ իր իմիջը դրան զուգահեռ բարձրանա։