Մայքլ Հանքոք...
Այս անուն-ազգանունը ձեզ որևէ բան ասու՞մ է... Սա Միացյալ Թագավորության այն ներկայացուցիչն է, ով առաջարկել էր ԵԽԽՎ-ում կասեցնել Հայաստանի անդամակցությունը, իսկ առաջարկությանը միացել էին մի խումբ ադրբեջանցի պատվիրակներ: Եվ ոչ միայն ադրբեջանցի...
Հայաստանում և մեր Ազգային ժողովում, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունում գուցե շատ բան չգիտեն այս մարդու մասին, իսկ ես գիտեմ: Չէ, հերոսական ոչինչ չկա իմ այս հայտարարության մեջ, թե՝ տեսեք-տեսեք, ինչքան քաջն եմ, որ գիտեմ... Պարզապես ժամանակ առաջ ես առիթ ունեցել եմ շատ պատահաբար տեղեկանալու այս մարդու «ադրբեջանական արմատների» մասին: Նրա եղբայրը Ադրբեջանում տիրապետում է մի շարք բիզնեսների, Մեհրիբան Ալիևան մի քանի անգամ Լոնդոնում հյուրընկալվել է նրա տանը, իսկ Ալիևի ընտանիքը, չգիտես ինչու, մի քանի անգամ ճոխ նվերներ է մատուցել այս մարդուն՝ նրա ծննդյան օրը...
Կարծում եմ, որ մշտապես նիրհ մտած մեր արտգործնախարարությունը, ինչպես վարվում են Ադրբեջանում, պիտի անհապաղ պաշտոնական հարցում հղի Միացյալ Թագավորության գործընկերներին. արդյո՞ք Մայքլ Հանքոքը ներկայացրել է Միացյալ Թագավորության պաշտոնական դիրքորոշումը, քանի որ նա ԵԽԽՎ-ում պետություն է ներկայացնում, թե՞ դա եղել է մասնավոր նախաձեռնություն... Նույնը պիտի անի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը...
Ես դիվանագետ չեմ, ԱԺ պատգամավոր չեմ, ընդամենը շարքային հայաստանցի եմ և հայ մտավորական, որը չի կարող հանդուրժել մեր կրավորականությունը: Մեկ անգամ էլ հիշեցնեմ. «ՈՒԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ»: Մեր պասիվ հայեցողականությունը և կրավորականությունը, միայն ու միայն «կուլիսներում գործելու» ոչ ողջունելի «տեսադրույթը» բազմաթիվ անգամներ մեզ կանգնեցրել են լուրջ խնդիրների առջև, աշխարհում այն տպավորությունը ստեղծել, թե Հայաստանը չունի իր շահերը պաշտպանելու կամք և դիվանագիտական հմտություն...



