Ինչո՞ւ է այնպիսի տպավորություն, որ իշխանություններն իբր պատերազմի մեջ են լրատվամիջոցների հետ: Նախ՝ չկա նման բան ընդհանրապես, իսկ իմ մասով մասնավորապես կարող եմ ասել. մենք չենք կռվում լրատվամիջոցների դեմ, մենք կռվում ենք լրատվամիջոցների համար, վատ լրագրության դեմ:
Վատ լրագրությունը.
1. Կենցաղային մակարդակի լաչառության ճանապարհով խեղում է վերաբերմունքը քննադատության հանդեպ, խառնում թացը չորին, ձևավորում անտարբերություն քննադատության նկատմամբ ընդհանրապես:
2. Անճիշտ տեղեկատվությամբ իջեցնում է ԶԼՄ՝ որպես կարևորագույն սթափեցնող ու վերահսկող օրգանիզմի հանդեպ վստահությունը:
3. Ֆաստֆուդային ու անառողջ սնունդի անալոգիայով թունավորում ու քայքայում է հանրություն անվանվող «օրգանիզմը»:
Այս ամենը կապ չունի խոսքի ազատության հետ: ԶԼՄ-ն հանրության, պետականության կարևորագույն բաղադրիչներից մեկն է, և նրա առողջությունից էականորեն կախված է նաև հանրության առողջությունը:
ԶԼՄ-ն ժամացույցի՝ րոպեներ ցույց տվող սլաքն է, լրագրությունը՝ այդ սլաքն աշխատեցնող դետալային համակարգը: Տարօրինակ կլինի աշխատող համարել այն ժամացույցը, որի րոպեներ ցույց տվող սլաքն անընդհատ հետուառաջ է գնում: Մենք չենք կարող կռվել սլաքի դեմ: Այն շատ պետք է ու հույժ կարևոր: Մենք կռվում ենք դետալների կոռոզիայի և մաշվածության դեմ, որ այդ սլաքն աշխատի: Սա բխում է բոլորիս շահերից՝ և՛ կառավարող ուժի, և՛ ընդդիմության, և՛ հանրության, և՛ պետության, և՛ հենց ԶԼՄ-ների: Միակ հակառակորդ կողմը վատ լրագրությունն է: