Երեկ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ հրապարակախոս Նարեկ Մալյանի երրորդ՝ «Սրտերի թագուհին» գրքի շնորհանդեսը: Հեղինակը նշում է, որ այս գիրքն առանձնահատուկ է իր սյուժետային գծով և վերջին շրջանի իրադարձությունները ներկայացնում է նոր հայացքով․ «Խոսքը վերաբերում է արքայադուստր Դիանայի մահվան հայտնի հանգամանքներին և նրա մահվանից հետո քարոզչական արշավին: Գիրքը նոր տեսանկյունից հայացք է այդ ամենին: Այդ իրադարձությունները փայլուն քարոզչական աշխատանք են, և ես որոշեցի այդ թեման շոշափել գեղարվեստական ստեղծագործության մեջ ու ընթերցողին ստիպեմ մտածել, քննադատորեն նայել ցանկացած իրադարձության, որը մատուցվում է հեռուստատեսությամբ, ԶԼՄ-ների միջոցով»:

«Սրտերի թագուհին» վեպում կա առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեցող երկու պատմություն, որոնք վերջում միաձուլվում են և դառնում մի ընդհանուր պատմություն․ «Կարծում եմ՝ այս գիրքը ևս դուր կգա ընթերցողին, ինչպես նախորդ երկուսը: Շուտով ձեռնամուխ կլինեմ չորրորդ վեպի աշխատանքներին»:

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշում է, որ Նարեկ Մալյանին բացահայտել է, երբ նվեր ստացավ նրա «Սոդոմի PR» գիրքը․ «Ես գրքամոլ եմ, և ինձ դժվար է զարմացնել: Ես սիրում եմ լավ գրականություն, իսկ Մալյանի գրքերը մի շնչով կարդալու են: Եթե Նարեկը որոշի ընդհանրապես չզբաղվել քաղաքականությամբ, այլ միայն գրի, ես կարծում եմ, որ մենք շատ լավ գրող կունենանք»:

Միջոցառման ժամանակ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը մի հատված ընթերցեց գրքից և նշեց, որ տպավորված է գրքով, ինչպես նաև դրանում առկա գաղափարներով: Հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ պարզապես «կուլ է տվել» Նարեկ Մալյանի նոր գիրքը․ «Ինձ դուր է գալիս այն թեման, որին նա անդրադարձել է՝ այն PR տեխնոլոգիաների մասին, որոնցից բոլորս օգտվում ենք, և որոնց արդյունքում շատ հաճախ կարող ես խաբվել: Ես կարծում եմ, որ այսօրվա հասարակությունը պետք է սովորի տարանջատել ճշմարտությունը և այն, ինչ իրեն ներկայացվում է»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել