Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը, որը «Գահերի խաղի» սյուժեի հիմքում ընկած «Սառույցի և կրակի երգ» էպիկական ֆենտեզի ժանրի վեպերի շարքի հեղինակն է, մանրամասներ է բացահայտել սերիալի պրիկվելի վերաբերյալ, հաղորդում է Entertainment Weekly-ն:
Գրողի խոսքերով՝ գործողությունները կծավալվեն այն ժամանակ, երբ Վեսթերոսի տարածքում կային 100 թագավորություններ և դրանց տիրակալների միջև առճակատումը շատ ավելի դաժան էր: Նա նշել է, որ Լանիսթերները սերիալում չեն լինի, քանի որ այդ ժամանակ «նրանք դեռ չկային»:
Վիշապները նույնպես չեն հայտնվի սերիալում, ի տարբերություն ալբինոս գայլերի, «սպիտակ քայլողների» և մամոնտների:
Ինչպես նշվում է, որպես նախագծի անվանում, Մարտինն առաջարկել է «Երկար գիշեր» տարբերակը, չնայած որ այն արդեն օգտագործվել է «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի երրորդ դրվագի համար:
«Ես լսել եմ, որ ինչ-որ մեկն առաջարկել է «Ամենաերկար գիշերը» տարբերակը, դա էլ է ինձ լիովին բավարարում»,- ասել է Մարտինը: