Shantnews.am-ը գրում է.

Այսօր տեղացած հերթական հորդառատ անձրևից հետո Գյումրիում նորից փողոցները ջրածածկ են եղել: Մինչև կես մետր բարձրության անձրևաջրերը ողողել էին քաղաքի կենտրոնական փողոցները: Ջրատար դիտահորերը բացակայում են կամ թողել են ասֆալտաշերտի տակ, իսկ որոշ հատվածներում դրանք խցանված են:

Այս կադրերը SHANTNEWS.am-ի թղթակիցը ֆիքսել է Իսահակյան և Ալեք Մանուկյան փողոցներում: Տարիներ շարունակ փողոցաշինական աշխատանքների ժամանակ անտեսվել կամ նշանակություն չի տրվել ջրատար դիտահորերի կառուցմանը, եղածներն էլ չեն մաքրվել: Հիմա ընթացող փողոցաշինական մեծ ծրագրով անցկացվում են ստորգետնյա նոր ջրատարներ, բայց խնդիրը մյուս փողոցներում կմնա չլուծված:

Նախկինում ջրահեռացման ցանց չի կառուցվել` այն համարվել է լրացուցիչ ծախս, որի համար տեղական բյուջեից գումարներ չեն հատկացվել: Բացի դրանից, քաղաքում փողոցաշինական աշխատանքները հիմնականում սահմանափակվել են փոսային նորոգումներով, որի ժամանակ արդեն կարևորություն չի տրվում ստորգետնյա ջրատարների կառուցմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել