Ռեժիսորը հայտարարել է, որ իրեն այլ ոլորտում է տեսնում:
Շուտով լայն էկրաններին կհայտնվի Քվենթին Տարանտինոյի իններորդ կինոնկարը՝ «Մի անգամ Հոլիվուդում», որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնում: Այնուամենայնիվ, այս ժապավենը կարող է նախավերջինը դառնալ հայտնի ռեժիսորի կարիերայում: Իր ծրագրերի մասին Քվենթին Տարանտինոն պատմել է ավստրալական GQ-ին տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում է գեղարվեստական ֆիլմերին, ես ինձ սպառել եմ»,- ասել է 56-ամյա ռեժիսորը: Քվենթին Տարանտինոն դեռևս չի պատրաստվում թոշակի անցնել. «Ես ինձ պատկերացնում եմ գրքեր կամ թատերական բեմադրությունների սցենարներ գրելիս, այնպես որ, ես, միևնույն է, ստեղծագործելու եմ: Ես կինոյին տվել եմ ամենը, ինչ ունեի»:
Տարանտինոն նաև նշել է, որ եթե «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը ջերմորեն ընդունվի հանդիսատեսի կողմից, ապա նա, ամենայն հավանականությամբ, կանգ կառնի ինը ֆիլմերի վրա: «Գուցե ես ավարտեմ հենց հիմա, քանի դեռ գագաթնակետին եմ, կտեսնենք»,- ասել է նա: