Թե՛ ընդդիմության, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենասիրած թեմաներից մեկը ՀՀ տնտեսությունն է: Փաշինյանը նախքան իշխանության գալը պնդում էր, որ ՀՀ տնտեսությունը չի զարգանում, քանի որ իշխանությունը չի ստեղծում համապատասխան միջավայր դրա համար: Նա նաև նշում էր, որ իրենց իշխանության գալու դեպքում լինելու է ներդրումային բում: Փաշինյանն անգամ նշում էր, որ կան հստակ գործարարներ, ովքեր իր հետ ուղիղ կապի մեջ են և պատրաստ են օր առաջ գալ և միլիոնավոր դոլարների ներդրում անել Հայաստանում:

Արդեն մեկ տարուց ավել անցել է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, իսկ իր թիմն՝ իշխանություն, բայց ներդրումային բում այդպես էլ չի լինում: Մինչ վարչապետը խոսում է տնտեսության մեջ դրական ազդակների, ներդրումների իրականացման մասին, Կենտրոնական բանկը հերթական անակնկալն է մատուցում նրան՝ հրապարակելով օտարերկրյա ուղղակի ներդրումների այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները։

Դատելով հրապարակված թվերից՝ Հայաստանում ներդրումները ոչ թե տոկոսներով, այլ անգամներով զիջում են նախորդ տարվա մակարդակը։ Պաշտոնական տվյալներով՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներն այս տարվա առաջին եռամսյակում կազմել են ընդամենը 34,4 մլն դոլար այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանի տնտեսության մեջ արտաքին կապիտալի ուղղակի ներարկումները կազմել էին 94,4 մլն դոլար։ Սա նշանակում է, որ ուղղակի ներդրումները 60 մլն դոլարով պակասել են։ Համեմատության համար ասենք, որ 2017թ. առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսությունը ստացել է 68 միլիոն դոլարի արտաքին կապիտալի ուղղակի մուտք։ 2015թ. դրանք գերազանցել են 76 միլիոնը։ Վերջին տասնամյակում եղել են տարիներ, որ առաջին եռամսյակում կատարված ուղղակի ներդրումները գերազանցել են նույնիսկ 100 մլն դոլարի սահմանը։

Ցավոք, ստեղծված իրավիճակը տրամաբանական է: Ոչ մի ներդրող ռիսկի չի գնա ներդրում անելու մի երկրում, որտեղ մի անձի ցանկություններն ավելի բարձր արժեք ունեն, քան օրենքները: Փաշինյանը պետք է հասկանա, որ իր խոսքը գուցե անվերապահ ընդունվում է իր թիմի և իրեն խիստ հավատարիմ անձանց կողմից, բայց օտարերկրյա ներդրողներին անհրաժեշտ է հստակություն թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ իրավական դաշտում, ինչն այս պահին ՀՀ-ում լիովին բացակայում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել