Կիսաբաց  լուսամուտներ, ազատամարտիկ, կին

Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներ բժիշկ Նորայր Շահբազյանը, 3-րդ դասակի հրամանատար Ժորա Ֆարյանը և լրագրող Հակոբ Պողոսյանն այսօրվա մամլո ասուլիսում  հայտարարեցին, որ   «Կիսաբաց  լուսամուտներ»  հաղորդման հաղորդավարը և հաղորդման հյուրերը  վիրավորել են Շուշիի առանձնակի գումարտակի  հետախուզական վաշտի հրամանատար Հովսեփ Աղաբեկյանին:

Բանն այն է, որ  «Կիսաբաց  լուսամուտներ» հաղորդմանը դիմել է մոտ հիսուն տարեկան մի կին, ով բնակվում է   երկրորդ Մասիվի հանրակացարաններից մեկում: Նա հաղորդման ժամանակ հայտարարել է, որ իր հարևանը` ազատամարտիկ Հովսեփ Աղաբեկյանը, իրեն սպառնացել  է: «Երկրորդ  Մասիվի հանրակացարանին կից տարածքը դարձել է  վեճի առարկա:  Այդ կինն ապօրինաբար զավթել է այն, դուռ է բացել տվել և ցանկանում է, որ պետությունը տարածքն իրեն տա, քանի որ ինքն ունի հաշմանդամ երեխա: Չի  բացառվում, որ տարածքը  պետությունը աճուրդի հանի: Եթե նման բան  լինի, մենք պատրաստ ենք    գումար հավաքելու և մեր ընկերոջ համար այդ  տարածքը գնելու, քանի որ նրա երեք  երեխաները մեկ սենյակի մեջ են քնում »,- մանրամասնեցին բանախոսները:

Ազատամարտիկներին վրդովեցրել  է այն, որ հաղորդավարը և  հաղորդման հյուրերից մի քանիսը` որոշ դերասանուհիներ, վիրավորել են Հովսեփին`ասելով «ամոթ նրան, ամոթ, որ նման մարդն ազատամարտիկ է: Դա էլ բավական  չէ, բողոքող կինը կասկածի տակ է դրել  Հովսեփի ազատամարտիկ լինելը` օգտագործելով «ինչ-որ ազատամարտիկ» բառակապակցությունը:

Բանախոսները նաև հայտնեցին, որ այդ հաղորդման պատճառով ազատամարտիկի կինը կորցրել է իր չորրորդ չծնված երեխային:

Նշենք, որ մոտ քառասուն օր առաջ մահացել է Հովսեփ Աղաբեկյանի մայրը, ով Քալաշյանների տոհմից է: Նրանք հայտնի են աշխարհին հայկական պարն ու հայ մշակույթը տարածող տոհմ:

Հաղորդումը եթեր  հեռարձակելուց առաջ  «Կիսաբաց լուսամուտների»  անձնակազմը զանգահարել է Հովսեփին և  նրան հրավիրել` սույն խնդրի հետ  կապված մեկնաբանություն տալու համար, սակայն նա հրաժարվել է` ասելով, որ  դա իրավական խնդիր է:

Հաղորդումը եթեր  հեռարձակելու օրը հաղորդավարը  զանգահարում է  Հովսեփ Աղաբեկյանի կնոջ և մեկնաբանություն խնդրում սույն հարցի հետ կապված:  Վերջինս հրաժարվում է` ասելով, որ իր ամուսինը մեկնել է ՌԴ և ինքն իրավասու չէ պատասխանելու  այդ հարցին:

Հաղորդման ավարտից հետո  Հովսեփի ազատամարտիկ ընկերները զանգահարում են հաղորդման պատասխանատուներին  հայտնում իրենց վրդովմունքը իրենց ընկերոջ հասցեին  հնչեցված արտահայտությունների համար, պահանջում նոր հաղորդում պատրաստել, որտեղ  ամեն ինչ կներկայացվի օբյեկտիվորեն: «Մեզ ասացին, որ դա կլինի օգոստոսի տասին, որը շատ ուշ է, առաջիկայում  պետք է նոր հաղորդում  եթեր հեռարձակել, ավելին` Հովսեփին վիրավորած հաղորդավարն ու դերասանուհիները պետք  է ներողություն խնդրեն  մեր ընկերոջից,  հակառակ դեպքում մենք դատի կտանք  նրանց»,- եզրափակեցին բանախոսները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել