Հունիսի 25-ին Իսրայելում տեղի է ունեցել այդ երկրի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ԱԽ բարձրագույն պատասխանատուների եռակողմ հանդիպումը. բանակցությունների թեմաներն էին Սիրիան և տարածաշրջանային զարգացումները, նաև իրանական հիմնախնդիրը: ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հանդիպմանը պաշտպանել է Թեհրանի պահանջները Վաշինգտոնի նկատմամբ, ինչպես նաև Սիրիայում իրանական ներկայության անհրաժեշտությունը: Նա նաև «անցանկալի» էր որակել իսրայելական ավիահարվածները Սիրիայի տարածքում՝ միևնույն ժամանակ գնահատելով Իսրայելի անվտանգության կարևորությունը: Հանդիպման հիմնական արդյունքները, բնականաբար, չեն հրապարակվել:
Նշված հանդիպումից օրեր անց՝ հուլիսի 1-ին, իսրայելական ՌՕՈւ-ի և ՌԾՈւ-ի կողմից համատեղ իրականացվել է ընթացիկ տարվա ընթացքում 13-րդ, իսկ ամբողջ սիրիական հակամարտության կտրվածքով, հնարավոր է, ամենամասշտաբային հարվածը Սիրիայի Դամասկոս և Հոմս նահանգներում ընդհանուր առմամբ 1 տասնյակ ռազմական և գիտահետազոտական օբյեկտների դեմ: Ուշագրավ է նաև այն իրողությունը, որ, ի տարբերություն նախկինի, այս դեպքում միաժամանակ թիրախավորվել էին և՛ իրանական վերահսկողության ներքո գտնվող, և՛ սիրիական կառավարական ուժերի, և՛ լիբանանյան «Հիզբալլահ» կազմակերպության դիրքերը, ասել է, թե՝ Իսրայելի համար ուղղակի վտանգ ներկայացնող բոլոր հիմնական դերակատարները:
Վերոնշյալի համատեքստում, վստահաբար, կարելի է ենթադրել, որ Երուսաղեմում եռակողմ հանդիպման արդյունքում Իսրայելը կարողացել է հասնել իր նպատակին՝ ստանալով 2 գերտերությունների անհրաժեշտ դիրքորոշումը Սիրիայում սեփական խնդիրները լուծելու նպատակով, ինչը բավական կարևոր է միաժամանակ առնվազն հետևյալ 3 հարթություններում․
- Եթե Պարսից ծոցի տարածաշրջանում Իրանը կարողանում է համեմատաբար առավել առարկայական հոգեբանական, քարոզչական, մարտավարական հաջողություններ արձանագրել, ապա Սիրիայում նրան և դաշնակից ուժերին չի հաջողվում արժանի հակահարված հասցնել իսրայելական գործողություններին:
- Իսրայելում ստեղծված ներքաղաքական անորոշության և սեպտեմբերի 17-ին նախանշված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գործող վարչապետ Բ. Նեթանյահուի առաջ ծառացել են լրջագույն խնդիրներ վարչապետի պաշտոնը պահելու տեսանկյունից, և անվտանգության ապահովման խնդիրը համակողմանիորեն ակտիվ պահելու եղանակը հնարավորություն է Նեթանյահուի համար ընտրազանգվածի վրա ազդելու:
- Տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակի և կանխատեսվող նոր սրացումների համատեքստում առնվազն առաջիկա երկամսյա ժամանակաշրջանում նաև Սիրիայի տարածքում նման գործողությունները, մեծ հավանականությամբ, պարբերական բնույթ են կրելու: Եվ չնայած իրանամետ հռետորաբանությանը, այսուհանդերձ, Մոսկվայի նման դիրքորոշումը, հնարավոր է, նոր խնդիրներ կառաջացնի մի կողմից վերջինի, մյուս կողմից՝ Դամասկոսի և Թեհրանի միջև: