«Օպտիմալացված կառավարության ամենաթոթոլ պատառը բաժին ստացած սուպերնախարարը էքստազի մեջ էր։
Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի աթոռին կռած կառավարության ամենակլոր թրաշավորը կարծես թե չէր մարսել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Ամյանի երգը և այդ մասին կատարել էր ֆեյսբուքյան գրառում։
Մի կողմ դնելով այն փաստը, որ մշակույթի նախարարի լիազորությունները ստացած անձը, մեղմ ասած, չի տարբերում պատվավոր կոչումները, ուզում եմ ասել, որ առերևույթ սպառնալիքախառը գրառումը վերաբերում էր նրան, որ իշխանական քիմքին ոչ հաճո յուրաքանչյուր դրսևորում պատժվելու է։ Եվ այդ գրառումը անում է մարդ, ով տենդագին ցնծում էր իրենց քայլելն ու փշալարերը գովերգող մեկ այլ վաստակավոր արտիստի՝ Թաթայի թավշյա երգի ներքո։
Մոխրոտիկի համար կառք դարձած բանջարեղենի մականվամբ հայտնի պարոնին ուզում եմ հուշել, որ շնորհված կոչումները վերանայելու համար Գյումրուց Երևան քայլելը բավական չէ, դրա համար մասնագիտական մեծ ներուժ և կոմպետենցիաներ են պետք։ Ուզում եմ հիշեցնել նաև, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով իր վրա դրված օբյեկտիվության հստակ պահանջ և արտահայտած յուրաքանչյուր հանրային խոսքի համար պատասխանատվություն կրելու հստակ պարտականություն է դրված։
Այնպես որ, լիազորություններդ լավ սերտիր, որ հետո գլխիդ չտաս, իսկ Ռազմիկ Ամյանին շնորհված որևէ կոչումից զրկելուց առաջ չմոռանաս կոչումազրկել բոլոր այն մարդկանց, ովքեր ձեր քայլարշավներին երգում, պարում, ուրախանում էին կամ հեռուներից երգելով ուրախացնում էին ձեզ այդքան ուրախ չտեսած իրենց հորն ու մորը։
Հ․Գ․ Պարոն բազմաֆունկցիոնալին փոխանցեք, որ իմ կերպարն իրական է, թող չվարանի։