Երբ օրգանիզմում չափից շատ հեղուկ է կուտակվում, այտուց է առաջանում՝ պարկեր աչքերի տակ, այտուցված կոճեր, ուռած մատներ:
Ներքին օրգաններում կուտակված ջուրը դանդաղեցնում է մարսողությունը, բարձրացնում է ներգանգային ճնշումը, կարող է գլխացավի, սրտխառնոցի պատճառ դառնալ:
Նիհարելու համար ջրահեռացման ըմպելիքները կօգնեն ոչ միայն կարճ ժամանակում նիհարել և մարմնից հեռացնել ավելորդ ջուրը, այլև կլավացնեն ինքնազգացողությունը:
Արդյունքը նկատելի է օգտագործումից արդեն մեկ օր անց:
Ջրահեռացնող ըմպելիքներ
1. Կանաչ կոկտեյլ
Վարունգ, կանաչ խնձոր, 50 գ նեխուրի ցողուն, կիվի և անանուխի մի քանի տերև խառնիր բլենդերով: Կոկտեյլն ուժեղացնում է ավշի շրջանառությունը, ակտիվացնում է ստամոքսի և աղիների աշխատանքը: Ըստ ցանկության՝ կոկտեյլին կարելի է մի քիչ կտավատի սերմ ավելացնել:
2. Մաքուր մաղադանոս
Մաղադանոսի թուրմը մարմինը մաքրում է տոքսիններից և խլացնում է քաղցը: Մի խուրձ թարմ մաղադանոսը մանր կտրտիր և ծեծիր փայտե ծեծանով: Հյութը լցրու տաք ջրով բաժակի մեջ, մի քիչ տաքացրու ջրային գոլորշու վրա: Ոչ մի դեպքում չեռացնես: Խմիր կես բաժակ ըմպելիք առավոտները՝ նախաճաշից 2 ժամ առաջ:
3. Կոճապղպեղով ըմպելիք
Մեկ բաժակ եռացած ջրի մեջ եռացրու 1 թ/գ կոճապղպեղի քերած արմատ, կես պճեղ քերած սխտոր, ավելացրու 1-ական թ/գ մեղր և կիտրոնի հյութ: Ըմպելիքն ակտիվացնում է, ուստի ավելի լավ է՝ այն առավոտները խմիր:
4. Կիտրոնաջուր
Կիտրոնով ջուրը հրաշալի միջոց է, որը վերացնում է այտուցվածությունը, ավելորդ ջուրն օրգանիզմից: Կես կիտրոն ճզմիր, խառնիր 1 բաժակ ջրին, խմիր ուտելուց 30 րոպե առաջ: Շատ լավ է առավոտները կիտրոնաջուր խմելը:
5. Տատրակի թուրմ
2 ճ/գ չոր բույսի վրա 1 բաժակ եռացած ջուր լցրու և թրմիր տաք տեղում մոտ մեկ ժամ: Միջոցն ընդունիր 1-ական ճ/գ քաղցած վիճակում և քնելուց առաջ:
Միզամուղ և լեղամուղ հատկության շնորհիվ ըմպելիքն օրգանիզմից արագ հանում է ավելորդ նյութերը, մաշկը ձգվում է, ավելի երիտասարդ տեսք է ստանում:
6. Անյուղ կեֆիր
Կեֆիրն արագացնում է մարսողությունը և վերականգնում է աղիների առողջ միկրոֆլորան: Գոնե մեկ շաբաթ ամեն օր 2 անգամ կեֆիր խմելու դեպքում մարմինը մաքրվում է ավելորդ նյութերից, այդ թվում՝ ջրից:
7. Կիտրոնով սուրճ
Օրգանիզմից շլակները հանելու համար բավարար է սուրճին մի շերտ կիտրոն ավելացնել: Երբ կիտրոնը խաշվի տաք ըմպելիքի մեջ, կեր այն:
Մշտական օգտագործման դեպքում ջրահեռացնող ըմպելիքները կօգնեն ազատվել նույնիսկ ցելյուլիտից:
Շատ աղ պարունակող ցանկացած մթերք պետք է սննդակարգից բացառել այտուցվածությունից ազատվելու համար: Շաքարավազը ևս ջուրը պահում է օրգանիզմում:
Ջրահեռացնող ըմպելիքներն ավելի լավ կազդեն սննդակարգում ավելորդ հեղուկը հեռացնող մթերքներ օգտագործելու դեպքում:
Դրանք են՝ հնդկացորենի շիլան, խնձորը, հատապտուղները, վարունգը, բուլղարական պղպեղը, սմբուկը, կանաչին, բողկը, գազարը: