Հայ-ռուսական ռազմատեխնիկական, ռազմավարական համագործակցության եւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված սպառազինությունների առաջացրած հետեւանքների վերաբերյալ yerkir.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:

-Ադրբեջանին վաճառված սպառազինությունները ուժերի ինչպիսի՞ նոր հարաբերակցություն կարող են ստեղծել Արցախյան հակամարտության գոտում:

-Ուժերի հարաբերակցության փոփոխության մասին կարելի կլիներ խոսել, եթե մենք հնարավորություն չունենայինք մատչելի գներով ռուսական ժամանակակից զենք ձեռք բերել. եթե չլիներ այն ռազմատեխնիկական համագործակցության մակարդակը, որն այսօր առկա է Ռուսաստանի հետ, ապա այդ սպառազինությունների մատակարարումը, իսկապես, ուժերի հավասարակշռությունը կխախտեր ի վնաս մեզ: Բայց մենք օգտվել ենք եւ նաեւ ապագայում էլ կշարունակենք օգտվել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունից:

Ակնհայտ է, որ վերջին տարիներին մենք թույլ չենք տվել, որ ադրբեջանական կողմը մեզ գերազանցի: Եվ ես առավել քան համոզված եմ, որ ուժերի հարաբերակցությունը չի փոխվի, քանի որ ոչ պակաս ժամանակակից եւ հզոր զինատեսակներ մենք էլ կստանանք Ռուսաստանից: Սպառազինությունների մատակարարման մասին խոսելիս պետք է մի բան հաշվի առնել` վտանգն այն չէ, որ Ադրբեջանը մեր նկատմամբ գերազանցություն ձեռք կբերի, այլ այն, թե ինչու ռուսական կողմը գնաց նման քայլի` ի հաշիվ իր ստրատեգիական դաշնակցի շահերի:

-Կխնդրեի այս հարցը դիտարկել ռազմաքաղաքական տեսանկյունից` ի՞նչ է նշանակում այդ երեւույթը, երբ քո ռազմավարական դաշնակիցը զինում է քո հակառակորդին:

-Սա, իհարկե, լուրջ խնդիր է, եւ այս առումով մենք, կարծում եմ, մտահոգվելու տեղ ունենք: Իմաստով, որ չպետք է թույլ տանք, նաեւ` ապագայում, որ ռուս-ադրբեջանական փոխհարաբերությունները կառուցվեն ի հաշիվ մեր կենսական շահերի: Կարծում եմ` շատ կարեւոր է, որ մեր ռուս գործընկերները Հայաստանը խորապես ընկալեն ու հասկանան: Եվ հասկանան, առաջին հերթին, որ անցել են ժամանակները, երբ հայաստանյան հասարակությունն անվերապահ ռուսական կողմնորոշում ուներ: Կամ, եթե այլ կերպ ասենք, անցել են ժամանակները, երբ հայ-ռուսական դաշինքն անայլընտրանք էր ընկալվում մեզանում: Ռուսաստանում Հայաստանը միշտ համարվել է մի երկիր, որն անելանելի վիճակում է, չունի այլընտրանք եւ ուզած-չուզած ռուսների հետ է լինելու:

Այս կարծրատիպը ռուսական ընկալման մեջ պետք է կոտրվի, քանի որ մենք հիմա, հատկապես` մեր երիտասարդության շրջանում, պարբերաբար հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների անհրաժեշտությունը հիմնավորելու կարիք ենք ունենում: Եվ մեր ռուս գործընկերները պետք է հստակ իմանան, որ ամեն մի նման քայլը Հայաստանում հակառուսական դիրքորոշումներ խթանելու առիթ է տալիս, քանի որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ տարածելու նպատակով տարբեր ուժեր բավականին մեծ գումարներ են ծախսում: Իսկ նման դիրքրոոշումների տարածումը Հայաստանում հենց Ռուսաստանի շահերից չի բխում:

-Ռազմաքաղաքական ի՞նչ խնդիրներ կարող է լուծել Ռուսաստանը` Ադրբեջանին զենք մատակարարելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել