Մոսկվայում անցկացվող «Բանակ 2019» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ: Հաշվի առնելով, թե ինչ պայմաններում ենք ապրում, ինչ խոսք, ողջունելի է: 

Նկատելի է, որ Ադրբեջանի կողմից տարբեր մակարդակներում արվող հայտարարություններին կա համարժեք պատասխան՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի բանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Պատերազմը դեռ չի ավարտվել, այնպես որ, ցանկացած պահի մենք պետք է պատրաստ լինենք ազատագրելու մեր հայրենիքը «օկուպանտներից»»: Ընդ որում՝ չուշացավ նաև Պնախարար Զաքիր Հասանովի հարցազրույցը, որի ժամանակ նա մասնավորապես ասել է. «Մենք արդեն երկար տարիներ է՝ գնում ենք զիջումների և բանակցում ենք»: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ 2016 թվականին Ադրբեջանը ցույց տվեց Հայաստանին, որ խնդիրը կարող է լուծել այլ ճանապարհով:

Ի՞նչ է ստացվում. պատերազմում հաղթած երկրի հետ բանակցելը մատուցվում է այդ երկրին որպես «մեծ լավություն» և ակնկալվում է «շնորհակալությո՞ւն»:

Այո՛, սա Ադրբեջանն է:

Եվս մեկ հանգամանք․ արձանագրենք, որ ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումից հետո սահմաններում հարաբերական հանգստություն է: Բայց արդյո՞ք այս ամենը բավարար է: Իհարկե ոչ: Մենք կարիք ունենք տևական ու հետևողական աշխատանքի: Ո՛չ բանակում, ոչ էլ բանակցությունների սեղանի շուրջ չպետք է կորցնենք զգոնությունը: 

Փորձը ցույց է տալիս, որ ցանկացած չհաշվարկված խոսք, քայլ իր ետևից բերում է անվտանգության լուրջ սպառնալիքներ, որոնք հղի են անդառնալի հետևանքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել