Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս դիմել էր ՄԱԿ-ին՝ առաջարկելով հետաքննություն անցկացնել Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի մահվան դեպքի հետ կապված և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին: Նա նաև վստահեցրել էր, որ Անկարան կանի ամեն հնարավորը «հանցագործությունը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան քննելու» ուղղությամբ: Ավելի վաղ Էրդողանը Մուրսիի սպանության մեջ նկատել էր դիտավորություն Եգիպտոսի իշխանությունների կողմից և դեպքը համեմատել 2018թ. հոկտեմբերին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սաուդցի այլախոհ Ջամալ Խաշոկջիի աղմկահարույց սպանության հետ, որի կազմակերպման սլաքն Անկարան ուղղել է դեպի սաուդյան արքունական վերնախավ:
Եգիպտական կողմն ԱԳՆ-ի և այլ մակարդակներով պատասխանել է Թուրքիայի նախագահին՝ մեղադրելով նրան սեփական երկրի ներքին գործերին միջամտելու մեջ:
Թուրքիայի նախագահը նախկինում ևս իր համակողմանի աջակցությունն էր ցուցաբերել և ներկայումս էլ շարունակում է օժանդակել մուսուլմանական աշխարհում բավական ազդեցիկ և հիմնականում ընդհատակում գործող «Մուսուլման եղբայրներ» արմատական կազմակերպությանը և դրա տարբեր ճյուղավորումներին, որի հետ գաղափարական լայն ընդհանրություններ ունի նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Իսկ հատկապես դրա եգիպտական թևին և անձամբ Մուրսիին նախկինում ցուցաբերած աջակցությունը պատճառ էր դարձել Եգիպտոսի գործող իշխանությունների հետ հարաբերությունների ծայրաստիճան սրման, մինչդեռ իրականում նման քայլն առավելապես տեղավորվում է մուսուլմանական աշխարհն առաջնորդելու Էրդողանի հավակնությունների տրամաբանության մեջ, որի համար Թուրքիայի նախագահն օգտագործում է ամեն պատեհ առիթ՝ տեղին, թե անտեղի:
Հետևաբար, նաև վերոնշյալի համատեքստում, պատկերավոր ասած՝ «Լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ» հայտնի արտահայտությունը Էրդողանի պարագայում կարելի է կիրառել, ասենք, հետևյալ փոխակերպմամբ՝ «Մուհամմադ մարգարեից ավելի մուսուլման»: