Խորհրդային արտադրության Միգ-21 մարտական կործանիչն իր սերնդի ամենահզոր ինքնաթիռներից էր, և ԽՍՀՄ-ը, փայլուն հարաբերություններ ունենալով Իսրայելի հակառակորդ արաբական կոալիցիայի երկրների հետ, 1960-ականներին մատակարարում էր այն այդ երկրներին: Հրեաները հասկանում էին, որ հերթական ռազմական բախումը արաբական երկրների հետ սարերի հետևում չէ, և Միգի առկայությունը նրանց սպառազինության մեջ լուրջ առավելություն էր, այդ իսկ պատճառով նրանք, որպեսզի հասկանան, թե ինչի հետ են գործ ունենալու ռազմական գործողությունների ժամանակ, որոշեցին ուղղակիորեն գողանալ Միգերից մեկը, որպեսզի հետազոտեն տեխնոլոգիան: Այդ նպատակով 1965թ. Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար Էզեր Վեյցմանը դիմեց «Մոսսադ»-ի ղեկավար Մեյրու Ամիթին:
Երկարատև վերլուծական աշխատանքներից հետո պարզ դարձավ, որ օդաչուն, ով պետք է գողանա ինքնաթիռը, արաբական ինչ-որ մի երկրից պետք է լինի, ոչ մուսուլման: Երկարատև փնտրտուքներից հետո նրանք կարողացան Իրաքում գտնել ծագումով հրեա Իոսիֆին, ով աշխատում էր քրիստոնյա Ռեդֆա ընտանիքում որպես ծառա: Այդ ընտանիքի անդամներից մեկն օդաչու էր և բազմիցս թռել էր Միգ-21 ռազմական ինքնաթիռով: «Մոսսադ»-ը սկսեց աշխատել օդաչուի ընտանիքի հետ: Նրանց խոստացել էին մեծ գումար և ապաստան Իսրայելում: Անգամ ընտանիքի օդաչու անդամը մի քանի օրով հյուրընկալվեց Իսրայելում, ավելի կոնկրետ՝ «Խացոր» ռազմաբազայում:
Հետագայում նա իր կապը «Մոսսադ»-ի աշխատակիցների հետ պահում էր նամակային կոդավորված եղանակով, որը կրում էր «Պենեցելին» ծածկանունը, որը և վերջնարդյունքում դարձավ ամբողջ գործողության անունը: Նամակներից մեկում, որը նա հասցեագրել էր հրեաներին, հետևյալ տողերն էին․ «Մեզ մոտ ամեն ինչ լավ է: Շուտով կվերցնեմ Պենեցելինը: Բարևներ նոր ընկերներին: Մինչ նոր հանդիպում»:
Գործողությունը տեղի ունեցավ 1966թ. օգոստոսի 16-ին, երբ Մունիր Ռեդֆան հերթական անգամ փորձնական թռիչք կատարելիս Միգ 21-ի ուղղությունը վերցրեց դեպի Իսրայել: Ավելորդ է նշել, որ Ռեդֆայի ընտանիքի մնացած անդամները և Իոսիֆ անունով հրեան տարբեր պատրվակներով հասցրել էին լքել Իրաքը, իսկ մնացածին «Մոսսադ»-ը կարողացել էր էվակուացնել Քուրդիստանի լեռներից: Երբ Միգ-21 մարտական կործանիչը մոտենում էր հրեական սահմանին, նրան ընդառաջ դուրս եկան հրեական մարտական ինքնաթիռներ, որոնք պետք է ուղեկցեին այդ ինքնաթիռին մինչ վայրէջք: Այդպիսով տեղի ունեցավ «Մոսսադ»-ի ամենահետաքրքիր գործողություններից մեկը: Վերոգրյալի շնորհիվ հրեա մասնագետները հետազոտեցին Միգ-21-ի տեխնոլոգիան և մաքսիմալ կերպով կարողացան հասկանալ նրա բոլոր առավելությունները և թերությունները մարտի ժամանակ:
Հ.Գ. Նկարում պատկերված է հրեաների կողմից գողացված Միգ-21 ինքնաթիռը: