«Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում զերծ մնալ լրատվականներին անհիմն մեղադրանքներ ներկայացնելուց
«Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը դատի է տվել hayeli.am, livenews.am լրատվական կայքերին և Հայկ Այվազյանին: Ըստ տիկին Ահարոնյանի` լրատվական կայքերը ընտրել են Հայկ Սարգսյանի ասուլիսի այն հատվածը, որտեղ, ըստ հայցվորի, իր հասցեին հնչող վիրավորանք կա։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Լարա Ահարոնյանին զերծ մնալ լրատվականներին անհիմն մեղադրանքներ ներկայացնելուց։ Լրատվականները գործել են իրենց իրավասությունների սահմանում։ Լրատվականը ասուլիսում հնչող մտքերի պատասխանատուն չէ, և այնտեղ հնչող մտքերի յուրաքանչյուր հատված կարող է օգտագործվել՝ ըստ հայեցողության։
Անգամ եթե դատարանն ապացուցի, որ Հայկ Այվազյանը վիրավորել է տիկին Ահարոնյանին, դա ևս լրատվականներին դատապարտելու հիմք չէ, հակառակ դեպքում ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամի գործողությունները՝ ուղղված լրատվականների դեմ, կարելի է համարել ճնշում՝ ուղղված լրատվամիջոցներին։
Ի գիտություն լրատվականների, եթե դատարանը պահանջի Հայկ Սարգսյանից, որպեսզի վերջինս հերքի իր խոսքերը, տվյալ կայքերը պարտավոր են հրապարակել հերքման տեքստը՝ պահպանելով կարծիքների հավասարության և արդար լրագրության սկզբունքը։