Հունիսի 24-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը՝ որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում»:

Այո՛, Հայաստանի շուրջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնց զարգացումները կարող են լուրջ մարտահրավերներ ստեղծել անմիջականորեն մեզ համար: Սակայն արդյո՞ք մեր քայլերը պիտի սահմանափակվեն միայն ԱԽ նիստ հրավիրելով ու դրա ընթացքում այս խնդրի մասին բարձրաձայնելով: Իհարկե, ոչ: Արդեն պիտի ունենայինք կոնսուլտացիաներ առաջին հերթին մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ, հասկանայինք՝ ինչ անելիքների ու պայմանավորվածությունների կարիք ունենք ՀԱՊԿ-ի հետ կապված: Անշուշտ, նույն կերպ կոնսուլտացիաների կարիք ունենք ԱՄՆ-ի և Իրանի հետ: Կարծում եմ՝ ակնհայտ է՝ տարածաշրջանի համար ինչ վտանգներ կարող են բերել ԱՄՆ-Իրան լարվածության սրացումն ու հնարավոր բախումը, ներքաղաքական ճգնաժամի խորացումն ու հնարավոր սրացումները Վրաստանում:

Չմոռանանք նաև նույն Իրանում, Վրաստանում ապրող հայերի մասին: Արդյոք նորանշանակ հանձնակատարը հասկանո՞ւմ է խնդրի լրջությունն ու հայ համայնքների անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատելու կարևորությունը: Չգիտեմ, հուսանք՝ հասկանում է, հուսանք՝ աշխատանքներն էլ այս ուղղությամբ շատ չեն ուշանա…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել