Ճշգրիտ չգիտեմ, բայց երևի մի քսան օր է, ինչ հայաստանյան լրատվական դաշտն ու սոցցանցերը հեղեղված են հայկական աննախադեպ օֆշորի մասին լուրերով, վերլուծություններով, կարծիքներով և մեկնաբանություններով: Մի խոսքով, հայկական օֆշորի մասին խոսում են բոլորը պատեհ կամ անպատեհ, ժամանակին կամ ժամանակավրեպ, անկախ այն հանգամանքից նույնիսկ, թե գիտե՞ն ասենք «օֆշոր» տերմինի բացատրությունը կամ որքանո՞վ են գլուխ հանում նմանատիպ խնդիրներից, որքանո՞վ են իրազեկված կամ համապատասխան տեղեկատվության տիրապետում: Մի խոսքով, իսկական օֆշորատենդ է, կամ օֆշորամանիան արդեն քանի օր է` թևածում է Հայոց երկնակամարում: (Թող ծաղրական չհնչի, բայց այս աղմուկից միայն այն կմնա, որ ժամանակակից գրական հայերենում կավելանա «օֆշորատենդ» բառը): Ու ինչպես բոլոր հարցերում է, այս հարցում ևս այսպես կոչված լուրջ հետաքննությունը գռեհկացվեց այնքան, որ վերածվեց սովորական փողոցային անկեդոտի մակարդակի: Ու այստեղ եթե կուզեք իմանաք, այլևս էական չի, նման հանցանք իրականում եղել է կամ ոչ, այլ էականն այն է, որ մենք ամեն ինչ, մեր այսօրվա իրականության մեջ կամա կամ ակամա գռեհկացնում ենք, իջեցնում փողոցի մակարդակի ու հետո էլ պահանջում ենք երկնաբարձ վերաբերմունք մեր հանդեպ, այնինչ ինչպիսին մենք ենք, այդպիսին էլ մեր հանդեպ վերաբերմունքն է: Մեզ ամենայն լրջությամբ համեմատելով նորմալ քաղաքակիրթ երկրների հետ` զարմանում ենք, որ բացահայտվել է մի սարսափելի ֆինանսական սկանդալ, որի մեջ պետության 3-րդ դեմքն է խառնված, ու նա հրաժարական չի տալիս: Իսկ ինչո՞ւ պիտի նման բան լինի, եթե մենք չունենք ամենատարրական մի հատկություն. քաղաքակիրթ եղանակով սպասելու, գործը սեփական խուզարկուական տեսանկյունից պատկան մարմինների պատշաճ ուսումնասիրությանն ու համապատասխան մասնագիտական եզրակացության հրապարակումը տեսնելու և ապա նոր կարծիք հայտնելու հատկությունը:
Ակնթարթային ճանաչվածությունն ու թեկուզ մեկ հավելյալ դիտումն ու լայքը մեզ համար ավելի կարևոր են այսօր, քան լուրջ մարդկանց` հատուկ մշակույթով ապրելն ու գործելը: Թող որևէ մեկը չվիրավորվի, սակայն երբ ԱՄՆ նախագահ Քլինթոնի հանդեպ պաշտոնանկության գործընթաց էր սկսվել, երբեք հարցը նման կերպ չգռեհկացվեց, և փաստացի ապացուցված հանցանքի առկայության դեպքում նույնիսկ Քլինթոնն ունեցավ կարեկիցներ, աջակիցներ, որոնց շարքում, եթե չեմ սխալվում, առաջինն իր կինն էր: Կամ երբ Կաթոլիկ եկեղեցում բացահայտվեցին մանկապղծության դեպքերը, կհիշեք նման կերպով իրենց եպիսկոպոսների մասին արտահայտվող կաթոլիկներ կային, կամ նմանատիպ լկտիությամբ ողողված հրապարակումներ կային. մենք ընդհակառակը պատրաստ ենք մի ակնթարթում ջնջել ամեն սրբություն, ամեն մի նվիրական բան, եթե թեկուզ պառավական բամբասանքի մակարդակով մի լուր է կպել մեր ականջին: Ուղղակի իրականում մեզ պետք չի լուրջ աշխատանք, այլ մեզ պետք են ընդամենը «հաց ու հանդեսներ»` քչից շատից ուտելու բան ու ժամանց, բայց ոչ մշակութապես հարուստ, այլ բամբասանքի մակարդակի վրա, փողոցային անեկդոտի որակի:
Չգիտեմ` ով ԱՄՆ նահանգներից ասել է մոտավորապես հետյալ միտքը, թե ամեն հասարակություն ունենում է այն կառավարությունը, որին արժանի է, կամ թերևս որին արժանի է համարում ինքն իրեն: Ուրեմն` անկախ այն բանից` եղել է օֆշոր կամ ոչ, վայելենք ցմրուր...