Panorama.am-ը գրում է.

«Շուտով մեկ տարի կլինի, ինչ այս քրեական գործը հարուցված է, բայց չկա Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու որևէ օրինական ճանապարհ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

«Բոլորին պարզ է, որ պարոն Քոչարյանին կալանքի տակ պահելու որևէ օրինական հիմք գոյություն չունի։ Գնալով անօրինական ազդեցություններն ավելի քիչ են սկսում ազդել դատական համակարգի վրա, ու ամեն անգամ էլ ավելի ուժեղ, էլ ավելի խայտառակ անօրինական ազդեցություն է անհրաժեշտ լինում դատական համակարգի վրա, որպեսզի պարոն Քոչարյանին կալանավորեն կամ պահեն կալանքի տակ։ Երբ բացահայտվեց, թե ինչ աստիճանի ապօրինություններ են կատարվում այս գործի շուրջ, այդքան ավելի ուժեղ ազդեցություններ են պահանջվում գործադիր և օրենսդիր իշխանություններից, որպեսզի այս  գործով պարոն Քոչարյանին պահեն կալանքի տակ։ Գնալով դատական համակարգը սկսում է  զգալ ինչ աստիճանի կեղծիքների, խախտումների վրա է կառուցված այս գործը։ Գնալով գործադիր և օրենսդիր իշխանությունների համար ավելի ու ավելի բարդ է դառնում ստիպել դատական համակարգին գնալ այդ խախտումներին»,- ասաց փաստաբանը։

Հ. Ալումյանը նշեց, որ խորապես ցավակցում է բոլոր տուժողներին, բայց որևէ մեկին թույլատրված չէ այդ մարդկանց վիշտն օգտագործել սեփական նպատակներին հասնելու համար։ Նա ընդգծեց, որ որևէ փաստ գոյություն չունի, որ այդ զոհերը կամ  գոնե մեկը տեղի է ունեցել պարոն Քոչարյանի անմիջական պատասխանատվությամբ։

«Բայց եթե ՀՔԾ-ն կամ դատախազությունը կարողանային այդպիսի մի հատ փաստ ստեղծեին, համոզված եմ, որ կստեղծեին։ Դա ցույց է տալիս ողջ քրեական գործի ընթացքը։ Քոչարյանին 10 հոգու սպանություն, 10 հոգուց գոնե մեկի սպանություն չի վերագրվում, այդպիսի փաստ չկա, նույնիսկ այդպիսի փաստ ստեղծելու հնարավորություն չունեն իրենք։

Այն մարդիկ, ովքեր  տուժողների վիշտը փորձում են ուղղել մի կոնկրետ ուղղությամբ, ովքեր որ արդեն ապրիորի որոշել են, որ այդ բոլոր սպանվածները սպանվել են հենց կոնկրետ մի կողմից ուղղված կրակոցներով, իրենք առնվազն լավ չեն անում։ Բացի այն, որ օրենք են խախտում, որոշակի բարոյական կանոններ են խախտում։ Դրա մասին պետք է խոսվի»,- ասաց Հ. Ալումյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել