Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ երեկոյան սկսված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ տուժածներից 2-ը զրկվել են աչքից: Ինչպես հաղորդում է վրացական Առաջին ալիքը, այս մասին հայտնել է «Նյու հոսպիտալ» բժշկական կենտրոնի տնօրեն Գիորգի Կորձախիան: 

Նրա խոսքով՝ հիվանդանոց տեղափոխված տուժածներից երկուսի աչքը մեծապես վնասված է եղել, բժիշկները ստիպված են եղել հեռացնել դրանք: Վնասվածքների պատճառը կարող էր ոստիկանների կողմից ռետինե փամփուշտների կիրառումը լինել:

Տնօրենը նշել է նաև, որ հիվանդանոց է տեղափոխվել ակցիաների ժամանակ տուժած 24 քաղաքացի, որոնցից 4-ը վիրահատական միջամտության կարիք են ունեցել, մյուսների վիճակը կայուն է և վերահսկվում է:

Ավելի վաղ Tert.am-ը հաղորդել էր, որ Ռուսթավելի պողոտայում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ տուժած լրագրողներից մեկը կորցրել է աչքը: Տղամարդու դեմքին հավանաբար ռետինե փամփուշտ է դիպել:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:

Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:

Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է ավելի քան 70 տուժածի մասին: Երկրի արտգործնախարարությունը Թբիլիսիում ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել:

Ստորև ներկայացնում ենք նախօրեին Թբիլիսիի կենտրոնում տեղի ուենցած ցույցերն ու անկարգությունները՝ ֆոտոշարքով.








Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել