Երեկ տեղի ունեցավ մեր առաջին «Ադեկվադ դիսկուրսը»: Այն առաջինն էր բազմաթիվ առումներով, սակայն ինձ համար ամենակարևոր «առաջինն» էր, քանի որ մեր առաջին միջոցառումն էր, որը կազմակերպվեց և կայացավ բացառապես մեր համակիրների հանգանակությունների շնորհիվ:

Բովանդակային առումով այս միջոցառումն իմ մեջ վերահաստատեց այն համոզմունքը, որ մենք մեր մեջ դեռ ահագին բարդույթներ պիտի հաղթահարենք մինչև հանրության լայն զանգվածներին անցնելը: Ակնհայտ է, որ ռեֆլեքսիայի, սեփական սխալները գիտակցելու ու վերլուծելու առումով դեռ շատ հեռու ենք ցանկալի նշաձողից:

Ակնհայտ է նաև, որ մեզանում շատերը դեռևս խուսափում են հստակ, խիստ ու ոչ երկիմաստ գնահատականներ տալուց, ինչը նույնպես անհրաժեշտ նախապայման է դեպի ապագան քայլելու համար:

Ու թեպետ շատերը ոգևորված էին դիսկուրսի մակարդակով և արձագանքներով, ես ոչ թե ոգևորված եմ, այլ էլ ավելի համոզված, որ մենք՝ ադեկվադներս, դեռ ահռելի աշխատանք ունենք անելու մեզ վրա: Ավելին՝ հենց ինքնաքննադատությունն ու ինքնակատարելագործվելն են հաջողության բանաձևը: Էս ժողովուրդը պիտի օրինակ տեսնի... Դուզը խոսանք էլի․ ո՞ր քաղաքական գործիչն էր վերջին 30 տարում կուրորեն հետևում սեփական պատվիրաններին: Ո՞ր լիբերալն էր իրոք լիբերալ, ո՞ր պահպանողական էր իրոք պահպանողական...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել