Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը խնդիր ունի իշխանությունը պահպանելու։ Դա է պատճառը չափից շատ ռազմական հայտարարությունների, որոնք ավելի շատ ուղղված են ներքին լսարանին: Ուժային կառույցներում այսպիսի կադրային քաղաքականության փոփոխումը բերում է այն համոզման, որ Ալիևը խնդիր ունի հասարակության հետ, և որ օր առաջ նրան հարկավոր է ավելի ամրապնդել դիրքերը: Տարատեսակ զորավարժությունները, որոնք մկանների ցուցադրում եմ համարում, ռազմատենչ հայտարարությունները պարզապես հասարակությանը լարվածության մեջ պահելու համար են: Երբ հասարակության հետաքրքրությունը սպառվի այս երևույթների նկատմամբ, Ալիևն անցնելու է այլ մեթոդի՝ լարվածություն մտցնելով առաջնագծում ոչ միայն կրակոցի կամ դիվերսիայի տեսքով, այլ տարատեսակ ակցիաների միջոցով: Այդ ակցիաներից մեկն էլ վերջերս դրոշով քայլերթն էր ողջ սահմանի երկարությամբ, ինչպես նաև մի խումբ ակտիվիստների Բաքվից քայլերթն էր դեպի սահման, որ պետք է անզեն, բաց ձեռքերով անցնեին սահմանը:
Ալիևը նաև նախապատրաստվում է հնարավոր այլ զարգացման, դրա համար ուժային կառույցներում, այսպես ասած, փաթեթային փոփոխությամբ փորձում է ամրապնդել դիրքերը, միևնույն ժամանակ մեղմել հասարակության դժգոհությունն այն մարդկանց նկատմամբ, ովքեր դեռևս 90-ականներից այդ պաշտոններում են:
Անշուշտ, կարող է լինել շրջադարձային իրավիճակ տարածաշրջանում: Եթե ԱՄՆ-Իրան այս հեռահար սպառնալիքները վերածվեն ռեալ գործողությունների, ապա Ադրբեջանը ևս փորձ է անելու ավելի թեժացնելու տարածաշրջանը: Ընդհանրապես, այս ողջ պատմության մեջ Ալիևի նպատակը ոչ թե «հողեր ազատագրելն» է, այլ պարազապես ռազմական լարվածությամբ իր խալիֆայության ժամկետի երկարացումը: