«Ով չի կարողանում կառավարել, միշտ դառնում է բռնապետ»․ Կարլո Բինի

Նիկոլ Փաշինյանը ժողովրդի ճնշման շնորհիվ փողոցում վերցրեց իշխանությունը։ Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ հասարակությունը որոշ ժամանակ անց հիասթափվում է առաջնորդից սպասումները չարդարացնելու պատճառով։ Բայց լիդերն այնքան խոհեմություն պիտի ունենա, կատարի այնպիսի բարեփոխումներ, որ հանրային վստահության նվազմանը զուգահեռ ռեֆորմները հույս ներշնչեն, որ հետագայում դրանք դրական արդյունք են տալու։ Իշխանության ու ժողովրդի միջև վստահության կամուրջներ առհասարակ հանդիսանում են հասարակական տարբեր շերտերը ներկայացնող վառ անհատները, մտավորականները, հոգևոր առաջնորդները, մինչդեռ Փաշինյանը ոչ միայն իր իշխանությունը չդարձրեց ինստիտուցիոնալ, ավելին՝ քանդում է պետական կառավարման ինստիտուտները, այլև համատարած վարկաբեկում բոլորին՝ ցանկացած հեղինակավոր անձի մեջ մրցակից տեսնելով, ինչը հղի է խիստ կանխատեսելի հետևանքով։ 

Ժամանակին բառամիջի «ր»-ն փոխարինեցինք «ռ»-ով՝ դրանով իսկ խաչ քաշելով բոլոր մտավորականների վրա ու ինքնագոհ վայելում ենք նրանց հանդեպ մեր հաղթանակը, իսկ հեղափոխությունն ավելի դիմազրկեց նրանց, մինչդեռ ժամանակին Հովհաննես Թումանյանը բախտորոշ պահին հայտնի դարձավ նաև որպես հասարակական գործիչ։ Նա հաշտարարի դեր կատարեց ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով երկու անգամ ձերբակալվեց, հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատեց երկու հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին: Իսկ ո՞ւր է այսօրվա Թումանյանը։ Միայն չասեք, թե նման բանաստեղծ հազար տարին մեկ է ծնվում։ Ես խոսում եմ մտավորականի քաղաքացիական ակտիվ կեցվածքի ու թե՛ ներսում, թե՛ դրսում մեծ հեղինակություն ունենալու մասին։ 

Գիտությունների ազգային ակադեմիան բնութագրեցինք բյուրոկրատ լճացածների հավաքատեղի, ոչ մի օգտակար պրոդուկտ չտվող։ Բայց չենք դադարում հպարտանալ մի պատմությամբ, որ Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանը Մոսկվայում ԽՍՀՄ ղեկավարին հակադարձել է, թե.
- Ընկեր Գորբաչով, դուք գիտե՞ք՝ ով է եղել Անգլիայի թագավորը Նյուտոնի ժամանակ:
Զարմացած հարցից՝ Գորբաչովը պատասխանում է.
- Նյուտոնի՞ ժամանակ: Ո՛չ, չեմ հիշում:
- Այ այդպես էլ մի քանի հարյուր տարի հետո ոչ մեկ չի իմանա, թե ով է եղել ԽՍՀՄ-ի պրեզիդենտը Վիկտոր Համբարձումյանի ժամանակ: 

Ի՞նչ է, մենք այլևս հեղինակավոր գիտնական չունե՞նք, թե՞ Վիկտոր Համաբարձումյան հազար տարին մեկ է ծնվում։ Իսկ գուցե ունենք, ուղղակի նրանց կարիքը չունենք, նաև նրանց հեղինակության վրա դողալու ցանկություն։ 

Քաղհասարակության ամենաակտիվ ներկայացուցիչները, պարզվեց, «փայ են» իշխանության մեջ ու այլևս պաշտպանում են բացառապես իշխանության շահերը, ուստի իշխանությունների հանդեպ վստահության անկմանը զուգահեռ անկում են գրանցում նաև այդ ակտիվիստներն իրենց կառույցներով հանդերձ։

Մարտական ուղին հաղթանակով կերտած մեր գեներալներն ու հրամկազմն այն ժամանակվա քաղաքական ղեկավարները, պարզվեց՝ բոլորը թալանչի են ու կոռուպցիոներ։ Երբ պետական մակարդակով վարկաբեկվում է այդ համակարգը, իսկ մի քանի կիլոմետր քայլածներին տարբեր տրամաչափի զորահրամանատարներ չես նշանակի (փորձառություն է պետք, գիտելիք), պատերազմն ամեն պահի կարող է վերսկսվել, մահվան գնացող զինվորն ո՞ւմ է վստահելու իր կյանքը մարտի դաշտում, մտածե՞լ ենք։ 

Երբ պետությունների ղեկավարների ու քաղաքական համակարգերի միջոցով հնարավոր չի լինում լուծել միջազգային ու ազգամիջյան կոնֆլիկտները, անգամ այլադավաններն են սիրահոժար օգտվում Հռոմի պապի միջնորդական առաքելությունից՝ հաշվի առնելով նրա մեծ հեղինակությունն աշխարհում։ Իսկ մենք Ամենայն հայոց կաթողիկոսին, աշխարհասփյուռ հայության հոգևոր հովվին նվաստացնում ենք (այդ վիճակում մեկը լինի՝ նրա հարցերը լուծի), աշխարհի հարցերը ո՞նց է լուծելու։ 

Բարձրագույն ներկայացուցչական մարմինը՝ պառլամենտը, այլ բնորոշմամբ՝ ծերակույտը, որ իր իմաստնության հավաքական տրամաբանությամբ, փորձի, ինտելեկտի, հայրենիքի ցավուդարդով ապրողների համույթ պետք է լինի, բայց հաշվի առնելով, որ իշխանությունը ձևավորվել է քայլելու արդյունքում, իսկ մեր պապիկ-տատիկներն այդքան քայլել չէին կարող, նրանց փոխարեն խորհրդարան ուղարկվեցին նրանց ճարպիկ ու անփորձ թոռնիկները։ Ի՞նչ հեղինակություն ունեն երկրի ներսում, որ ունենան երկրի սահմաններից դուրս ու խորհրդարանական դիվանագիտության մակարդակով կարողանան լուծել կնճռոտ խնդիրները, կոմպենսացնել գործադիրի ու նրա ղեկավարի թերացումները։ 

Մեկ անձի վրա կառուցած համակարգի պարագայում հաղթանակի համը տեսած, օր-օրի Փաշինյանից հիասթափվող այս ժողովրդի ցասումի դեմն ո՞վ է առնելու և ինչպե՞ս, մտածե՞լ եք, հետփաշինյանական Հայաստանը պատկերացնո՞ւմ եք: Եթե այո, ապա ի գո՜րծ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել