Պետության գլխավոր խնդիրը քաղաքացիների անվտանգության ապահովումն է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թշնամական գործողություններից, մի պարտավորություն, որը չեն գիտակցել և, հետևաբար, չեն էլ իրականացրել մեր ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունները։ Խնդիրն ավելի է բարդանում այն պատճառով, որ հասարակությունը նույնպես չի գիտակցում պետության գլխավոր առաքելությունը և իր տգիտությամբ շեղել և շեղում է բոլոր կառավարություններին նրանց հիմնական պարտականությունները կատարելու ուղեծրից, որոնց հաճույքով տրվել են բոլոր կառավարությունների ներկայացուցիչները, քանզի նրանց նպատակը նույնպես զուտ անհատական բնույթ է կրել։ Այնուամենայնիվ, հասարակությունը պարտավոր է ստեղծել իշխանության ձևավորման այնպիսի օրենսդրական դաշտ, որը հնարավորություն կտա ճգնաժամային պայմաններում հանգիստ սրտով հրաժարվելու ներկա իշխանություններից, վստահ, որ գործող կարգով հասարակությունը կընտրի արժանավորներին, ոչ թե հերթական պնակալեզ կուսակցականներին։ Իսկ նման հնարավորություն տալիս է միայն մեծամասնական ընտրակարգը։
Ինչպես կուսակցական ընտրակարգը, այնպես էլ «ժողովրդավարությունը» բոլոր «երկրորդական» երկրներին պարտադրվում է «Եվրոպայի» կողմից՝ այդ երկրները կառավարելի դարձնելու, նրանց բյուջեներն իրենցով անելու և իրենց համար անվտանգության գոտի ստեղծելու նպատակով, թեև նորագույն հարվածային զինատեսակների պայմաններում այն արդեն անարդյունավետ է։
Քաղաքականությունը գերշահութաբեր բիզնես է։ Ոչ միայն կառավարությունը իր շահամոլությամբ, այլև հասարակությունը իր տգիտությամբ նույնպես ներգրավված են այդ կազմաքանդիչ խաղի մեջ։ Ինչպես Շոտլանդիայի, այնպես էլ Կիլիկիայի պատմությունը ցայտուն վկայում են, թե ինչ վտանգավոր ու կործանարար է կուսակցական՝ խմբակային գործունեությունը։ Շոտլանդական թագավորներից մեկն ասել է․ «Կինը մեզ թագ բերեց, կնոջ հետ էլ մենք կկորցնենք այն»։ Մեր դեպքում «կին»-ը հանգիստ խղճով կարելի է փոխարինել «կուսակցություններ»-ով, թեև ճշմարտությունը ճչում է, որ «դեմոկրատացվող» երկրների կանայք քաղաքական լուրջ դերակատարումներ ունեն, որը, սակայն, քողարկում են հավասարության, բռնության դեմ իրականացվող «պայքարով»։