ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն այսօր միջնորդեց փոխարինել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով: Պաշտպանը միջնորդեց այդ թվում կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավը՝ իր պաշտպանյալի ողջ անշարժ գույքի գրավադրմամբ: Ա.Սիրունյանը դատարանին ներկայացրեց լյարդի հետ կապված առողջական խնդիրների վերաբերյալ բժշկական տեղեկանք:
Մեղադրող Արամ Ամիրզադյանը անհիմն համարեց միջնորդությունը և խնդրեց մերժել՝ Վ.Սեդրակյանի կալանքի տակ գտնվելու հիմքը՝ հիմնավոր կասկածը, դեռևս չի վերացել՝ այն կարող է հերքվել կամ հաստատվել, մասնավորապես, Վ.Սեդրակյանի վերաբերյալ արդարացման կամ մեղադրական դատավճռով:
Տուժող Պարույր Հայրիկյանն ու նրա ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը իրենց բացասական դիրքորոշումը հայտնեց «կալանավորում» խափանման միջոցի դեմ՝ ընդգծելով, որ այն պետք է կիրառվի ծայրահեղ դեպքերում: Պարույր Հայրիկյանը առաջարկեց փոխել նաև մյուս ամբաստանյալների խափանման միջոցը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան հանդիպելու իրենց ընտանիքների հետ: Տուժող կողմը չառարկեց միջնորդության դեմ՝ եթե դատարանը գտնի, որ այս փուլում խափանման միջոցը փոխելը չի խոչընդոտի քննությանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շուտով կհրապարակի միջնորդության վերաբերյալ իր որոշումը: