Ներկայիս որոշ գիգանտներ ժամանակին պարզապես փոքր և անհայտ ստարտափներ են եղել:

Airbnb

Կապիտալիզացիա՝ 38 միլիարդ դոլար

Ինչպե՞ս է ամեն ինչ սկսվել

Աշխարհի 191 երկրներում 65.000 քաղաքներում բնակարաններ առաջարկող առցանց կայքէջի պատմությունը սկսվել է երեք երիտասարդ տղաներից (Բրայան Չեսկի (Brian Chesky), Ժո Գեբբի (Joe Gebbi), Նեյթան Բլեչարզիկ (Nathan Blecharzik)), ովքեր չկարողացան վարձակալել լոֆթ, ուստի հրաժարվեցին իրենց փչովի ներքնակներից և խոստացան տնական նախաճաշ հյուրերի համար: Airbnb-ն ի սկզբանե կոչվել է հենց AirBed & Breakfast, որն անգլերենից թարգմանաբար նշանակում է՝ փչովի ներքնակ և նախաճաշ:

Մի քանի անհաջողություններից հետո (ո՞ւր՝ առանց դրանց), ընկերությունն ընդլայնվեց այնպես, որ հիմնադիրներից մեկը ստիպված էր հրաժարվել սեփական սենյակից՝ հանձնելով այն՝ որպես գրասենյակային տարածք:

Իսկ այժմ ընկերությունը, բացի Սան-Ֆրանցիսկոյում գտնվող շտաբ-բնակարանից, ունի նաև 10 գրասենյակ ամբողջ աշխարհում:

Youtube

Ընկերության արժեքը՝ 160 միլիարդ դոլար

Ինչպե՞ս է ամեն ինչ սկսվել

Եթե Youtube-ն անկախ ընկերություն լիներ (այն պատկանում է Google-ին), ապա, ըստ Morgan Stanley ներդրումային բանկի, դրա «մաքուր» արժեքը 2018 թվականին կլիներ 160 միլիարդ դոլար:

Տեսանյութերի հարթակը, որն այսօր այցելում է 1,8 միլիարդ մարդ ամեն ամիս, հիմնադրվել է փոքրիկ գրասենյակում, որը պիցցերիայի և ճապոնական ռեստորանի վերևում էր: Գրասենյակը գտնվում էր Կալիֆոռնիայի Սան Բրունո քաղաքում:

Հենց այստեղ ստեղծվեց ապագա հսկան՝ PayPal-ի երեք նախկին աշխատակիցների կողմից: Հասկանալու համար, թե որքան «համեստ» էր նրանց գրասենյակը, ասենք, որ շուտով նրանք ստիպված էին դուրս գալ այդտեղից՝ առնետների պատճառով:

Facebook

Կապիտալիզացիա՝ 440 միլիարդ դոլար

Ինչպե՞ս է ամեն ինչ սկսվել

Չնայած անցյալ տարվա տվյալների արտահոսքի սկանդալը հարվածել է Facebook-ի հեղինակությանը՝ նվազեցնելով ընկերության կապիտալիզացիան մինչև 60 մլրդ դոլար, սակայն դեռևս դրա արժեքը չափազանց մեծ է:

Չպետք է մոռանալ, որ բացի հիմնական սոցիալական ցանցից, ընկերությանն են պատկանում նաև Instagram-ը և WhatsApp-ը:

Եկեք վերադառնանք դեպի հեռավոր 2004 թ: Thefacebook-ը (ինչպես այն ժամանակ սոցցանցը կոչվում էր) ստեղծվել է Հարվարդի համալսարանի ուսանողական հանրակացարանում՝ ոչ միայն Մարկ Ցուկերբերգի, այլև՝ նրա հետ նույն սենյակում ապրող Էդուարդո Սավերինիի, Դաստին Մոսովիցի և Քրիս Հյուզի կողմից:

Թե ինչպես դա տեղի ունեցավ (բոլոր սկանդալային մանրամասներով)՝ պատմվում է նույնիսկ «Օսկարի» համար առաջադրված «Սոցիալական ցանց» ֆիլմում:

Microsoft

Կապիտալիզացիա՝ 812 միլիարդ դոլար

Ինչպե՞ս է ամեն ինչ սկսվել

Յուրաքաչնյուրը, ով ունի համակարգիչ, գիտի այդ բրենդի մասին: Բայց Microsoft-ի առաջին ծրագրային ապահովումները ստեղծվել են Ալբուկերկերի փոքրիկ ավտոտնակում՝ Բիլ Գեյթսի և նրա ընկեր Պոլ Ալենի կողմից:

Երկու տղաներն էլ մեծ ուշադրություն էին դարձնում ծրագրային ապահովումներին և չունեին պատուհանից բացվող գեղեցիկ տեսարանի կարիք: Նրանք պարզապես միշտ և անդադար կոդեր էին գրում: Արդյունքում՝ առաջին իսկ տարում (1975) 3 հոգուց բաղկացած ընկերությունն ունեցավ 16 005 դոլար շահույթ:

Google

Կապիտալիզացիա՝ 868 միլիարդ դոլար

Ինչպե՞ս է ամեն ինչ սկսվել

Աշխարհի ամենահայտնի որոնողական համակարգը ևս ստեղծվել է ավտոտնակում: 1998 թվականի սեպտեմբերին Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը՝ Սթենֆորդի համալսարանի ավարտական կուրսի ուսանողները, վարձակալեցին ավտոտնակն իրենց ընկերուհուց՝ Սյուզան Վոյչցկիից:

Նրանք աշխատեցին գիշեր ու ցերեկ այն պրոդուկտի համար, որն այսօր ամբողջ աշխարհում հայտնի է՝ որպես Google:

Կայքի ստեղծման հիմնական նպատակն էր՝ կազմակերպել և պահպանել բոլոր տեսակի տեղեկատվությունը ողջ աշխարհում սովորական մարդկանց հասանելի մեկ պլատֆորմի վրա: Այսօր աշխարհում Google-ն ամենատարածված որոնման համակարգն է աշխարհում, ուստի կարող ենք ասել, որ նրանք հասել են իրենց նպատակին:

Amazon

Կապիտալիզացիա՝ 950 միլիարդ դոլար

Ինչպե՞ս է ամեն ինչ սկսվել

Աշխարհի ամենահարուստ մարդը, ըստ Forbes-ի, նույնպես սկսել է գործել ավտոտնակում: Ճիշտ է, իր սեփական տանը՝ Վաշինգտոնում: Դա եղել է 1994 թվականին, և մեկ տարի տևեց, մինչև վաճառվեց առաջին գիրքը:

Կա տարածված լեգենդ, որ Ջեֆ Բեզոսն իր առաջին սեղանը պատրաստել է դռներից: Մինչև օրս ընկերությունում օգտագործում են նման սեղաններ, բայց ոչ թե ֆինանսների պակասի, այլ՝ խնայելու անհրաժեշտության մասին հիշեցնելու համար:

Apple

Կապիտալիզացիա՝ 1, 044 տրիլիոն դոլար

Ինչպե՞ս է ամեն ինչ սկսվել

Apple-ն ամենահայտնի համաշխարհային բրենդն է: Բայց մինչև օրս ոչ բոլորն են տեղյակ, որ այդ ընկերությունը ստեղծվել է 3 ընկերների կողմից՝ կրկին ավտոտնակում: Սթիվ Ջոբսը, Սթիվ Վոզնյակը և Ռոնալդ Ուեյնը 1976 թվականին ստեղծեցին իրենց առաջին Apple համակարգիչը:

Apple I-ը 500 դոլարով վաճառվեց տեղական խանութներից մեկում՝ որպես պլատա: Դրանից հետո ընկերները սկսեցին ստեղծել Apple II համակարգիչը, որի հաջորդները վաճառվեցին աշխարհում ավելի քան 5 միլիոն օրինակով: Այս պատմության մասին նկարահանվել է ոչ մեկ ֆիլմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել