Ահարոն Ադիբեկյանը արջի ծառայություն է մատուցել վարչապետին` փորձելով պաշտպանել Տիգրան Սարգսյանի «բարի» անունը օր օրի թափ հավաքող օֆշորային սկանդալի համատեքստում: Ստյոպա Սաֆարյանի հետ բանավեճի ժամանակ Ադիբեկյանը սկզբում դրսևորել է կա՛մ անիրազեկության օրինակ, կա՛մ էլ դիտավորյալ խեղաթյուրել է իրականությունը` հայտարարելով հետևյալը.
«Ինչ վերաբերում է օֆշորային սկանդալին, եթե մեծ գումար դրված լիներ այդ հաշվին լուրջ մարդկանց կողմից, ես կհավատայի, բայց եթե ինչ-որ մեկը սադրանքի նպատակով, մուռ հանելու նպատակով, ինչ-որ հաշիվներ է բացում մարդկանց անունով, 100 դոլար փոխանցում, դա կասկածելի է: Եւ հասկանալի է, որ գործող վարչապետը շատերի դուրը չի գալիս, եւ նրա չուզողների բանակ կա ե՛ւ իշխանական ճամբարում, ե՛ւ ընդդիմադիր ճամբարում:
Հետեւելով նրա գործունեությանը` եթե չլիներ Տիգրան Սարգսյանը, մեզ ոչ մի միջազգային կազմակերպություն մեծ վարկեր չէր: Նա մեծ հեղինակություն է միջազգային կառույցներում: Սա կոպիտ գռեհիկ սադրանք է՝ վարկաբեկելու Արարատյան թեմի առաջնորդին եւ վարչապետին»:
Մի՞թե Ադիբեկյանը տեղյակ չէ, որ տվյալ օֆշորային ընկերության հաշվին ոչ թե հարյուրավոր, այլ միլիոնավոր դոլարներ են եղել:
Այնուհետև նա փորձել է առաջ տանել այն փուչ ու հերքված թեզը, թե իբր ով ուզի, ում անունով ուզի, կարող է օֆշորային ընկերություն հիմնել՝ առանց որևիցե փաստաթուղթ ներկայացնելու, ինչին ի պատասխան, Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ լրագրողները զանգահարել են եւ փորձել հաշիվ բացել Նիկոլ Փաշինյանի անունով, բայց այդ ընկերությունից փաստաթուղթ են պահանջել, այսինքն` այսքանով իսկ հերքվում է, որ կարելի էր առանց փաստաթղթի վարչապետի անունով ընկերություն հիմնել:
Ի պատասխան սրան` Ադիբեկյանը սկսել է մանևրել` հարցնելով, թե քանի՞ Տիգրան Սարգսյան կա Հայաստանում, բայց այս հնարքն էլ չի օգնել, որովհետև Սաֆարյանը հիշեցրել է, որ հենց Աշոտ Սուքիասյանի հայտնի նամակում է նշվում, որ Տիգրան Սարգսյանը հենց վարչապետն է:
Հուսահատ Ադիբեկյանը փորձել է վերջին ճիգով փրկել իրավիճակը ու աննախադեպ, մեղմ ասած, ոչ խոհեմ միտք է հայտնել. «Ո՞ր հարգված քաղաքական գործիչը օֆշորում հաշիվ չունի»... Դե արի ու Ադիբեկյանին բացատրի, որ նախ, հարգված քաղաքական գործիչը օֆշորային հաշիվներ չպետք է ունենա, որովհետև ունենալու ու բացահայտվելու դեպքում արդեն դադարում է ՀԱՐԳՎԱԾ լինել, հետո էլ, բազմաթիվ հարգված ու էդքան էլ չհարգված քաղաքական գործիչներ կան, որոնք չունեն ոչ մի օֆշորային ընկերություն կամ հաշիվ: Ի դեպ, նույն Ստյոպա Սաֆարյանն էլ լավ տեղն է դրել Ադիբեկյանին՝ մատնանշեով, որ ինքը (Ստյոպա Սաֆարյանը) ոչ մի օֆշորային ընկերություն չունի:
Մի խոսքով, Ադիբեկյանը հայտնվել է Չեռնոմիրդինի հայտնի խոսքով բնութագրվող իրավիճակում. Хотели как лучше, а получилось как всегда...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/325136480953456?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել