BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր

Որքան մոտենում է ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման ժամկետը, այնքան ավելի ակտիվորեն է քննարկվում, թե կհամարձակվե՞ն արդյոք մեր իշխանությունները գնալ այդ քայլին` դրանով իսկ անտեսելով ռուսական գործոնը և մերժելով Մաքսային միությանը մեր երկրի անդամակցության հետագա հնարավորությունը: Իհարկե, այս դիլեման ընդամենը այսբերգի երևացող մասն է, իսկ մեծ հաշվով պետք է հստակ պատասխանենք՝ գնո՞ւմ ենք դեպի ԵՄ, թե՞ ավելի ենք մերձենում Ռուսաստանի հետ:

Այո, կար մի ժամանակ, երբ տեսակետները կատեգորիկ էին. մի մասը գտնում էր, որ միանշանակ պետք է ընտրել արևմտյան ուղղությունը՝ նպատակ ունենալով տեսանելի ապագայում անդամագրվել ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը, իսկ մյուս մասն էլ ոչ պակաս հաստատակամությամբ գտնում էր, որ պետք է ավելի սերտացնենք մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ և անդամագրվենք նրա նախաձեռնած ցանկացած քաղաքական, տնտեսական ու ռազմական միավորմանը: Բայց այս վիճակը մեզանում մոտ 10 տարի առաջ էր: Հիմա կողմերից և ոչ մեկն այդքան կատեգորիկ չէ, քանի որ «օրհնվի էն սհաթը» կարգախոս դարձրած մեր շատ հայրենակիցներ տեսան, որ մենք ավելի շատ տուժում ենք ռուսի «սապոգից», քան օգտվում նրա «օրհնած ոտքի» առկայությունից մեր երկրում: Նմանապես նաև արևմտամետներն են դեպի ԵՄ մեր ուղղությանը վերապահումով նայում, քանի որ տեսնում են, թե այս տարիներին որքան է մեծացել մեր երկրի վրա ռուսական ազդեցությունը, և դրանից դուրս գալը հեշտ չի լինելու:
Կարճ ասած` հարցը` ուր՝ Ե՞Մ, թե՞ ՌԴ, ու նաև ինչո՞ւ, արդեն կարելի է համարել ժամանակավրեպ բանավեճ, և եթե միայն բավարարվենք սրանով, ապա կլինի խիստ պարզունակ ու մակերեսային մոտեցում: Հիմա կողմերը պետք է պատասխանեն մեկ հարցի՝ ինչպե՞ս: Ինչպե՞ս մտնել Մաքսային միություն, այնուհետև նաև ԵվրԱզԷս ու ավելի չկորցնել մեր անկախությունը, չվերածվել ռուսական մի հեռավոր գավառի, որի ամենամեծ ֆունկցիոնալ նշանակությունը ՌԴ-ի ֆորպոստ լինելն է: Մեկ այլ դեպքում՝ ինչպե՞ս գնալ դեպի ԵՄ՝ կարողանալով դուրս գալ Ռուսաստանի ճիրաններից: Չէ՞ որ մենք հրաշալի գիտենք, որ ԵՄ-ն մեր առաջ դնում է չափորոշիչներ, որոնց համապատասխանելու դեպքում կարող ենք ևս մեկ քայլ մոտենալ իրեն: Անհրաժեշտության դեպքում օգնում է նաև ֆինանսապես և նմանատիպ այլ կարգի աջակցություն ցույց տալիս: Բայց այսօր միայն գումարով ՌԴ-ի ազդեցությունից դուս գալ չենք կարող, իսկ ավելի ագրեսիվ աջակցություն մեզ կարող է ցուցաբերել միայն ԱՄՆ-ն: Այո, միայն Միացյալ Նահանգները կարող են Ռուսատանի հետ կռիվ տալ ու այս կամ այն երկիրը հանել նրա ազդեցությունից: Բայց միայն այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն կարող է Հայաստանը համարել իր կենսական շահերի գոտի, դեռ բավարար չէ, քանի որ մենք վաղուց ենք գտնվում ՌԴ-ի կենսական շահերի գոտում, իսկ այն որ ԱՄՆ-ն կարող է իր ուզածն անել ու արհամարհել ՌԴ-ին, դա էլ է առնվազն 10 տարվա հնության իրավիճակ: Հիմա, եթե մի ռեգիոնում ԱՄՆ-ն ցանկանում է իր համար ավելի բարենպաստ ռեժիմ սահմանել, ու եթե դա հակասում է ՌԴ-ի շահերին, ապա փորձում է մեկ այլ հարցում զիջումների գնալ: Այսինքն` հիմա որպեսզի ՌԴ-ն համաձայնվի Իրանի հյուսիսային ու Վրաստանի հարավային՝ իր ռազմավարական գործընկեր պետությունը զիջել ԱՄՆ-ին, դրա դիմաց նա շատ լուրջ փոխհատուցում կարող է պահանջել, էլ չեմ խոսում այն մասին, որ կարող է ոչ մի գնով դրան չհամաձայնվել: Չմոռանանք, որ ՌԴ-ն մեր երկրում ներկայացված է շատ հզոր ու բազմակողմանի: Այդ ինչպե՞ս է այդքանը զիջելու ԱՄՆ-ին և ինչի՞ դիմաց, և արդյոք մենք այնչափ կարևոր ենք ԱՄՆ-ի համար, որ վերջինս կգնա նման քայլի: Միայն 49 տարով ռուսական ռազմաբազայի պայմանագիրը բավական չէ՞ հասկանալու համար, որ ոչ մի պարագայում մեր տարածքում մինչև 2044 թվականը չի հայտնվի ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտ, քանի դեռ ՌԴ-ի հետ չի լուծվել իր ռազմաբազայի դուրս բերման հարցը: Իսկ սա ընդամենը մի էպիզոդ է, ու նման դեպքերը բազմաթիվ են: 
Այսօր ԼՂ հարցի շուտափույթ լուծում, այսպես կոչված՝ «դեյտոնյան համաձայնագրի» տարբերակով, մեզ չի պարտադրվում, քանի որ գերտերությունները մեր տարածաշրջանում ունեն իրար հակասող շահեր, և արդյունավետ հանգուցալուծում չի գտնվել ստատուս-քվոյի դադարեցման համար: Սա մեզ հնարավորություն է տալիս մանևրելու այդ աշխարհաքաղաքական շահերի արանքում: Իսկ եթե որոշենք, որ հստակ բռնում ենք մի ուղղություն, արդյոք չե՞նք կորցնի Ղարաբաղի հարցի հայանպաստ կարգավորման հնարավորությունը: 
Իհարկե, սխալ կլինի կարծել, թե հասարակական կարծիքը բաղկացած է այս երկու խոշոր իրարամերժ խմբերից: Պակաս մեծ չէ նաև այն խումբը, որոնց ներկայացուցիչները իրավիճակից գլուխ չհանելը քողարկում են՝ «մենք ո՛չ արևտամետ ենք, ո՛չ էլ ռուսամետ, մենք հայամետ ենք» կարգախոսի տակ: Բայց չէ՞ որ նրանք, ովքեր զարգացման որևէ ուղղություն են առաջարկում, նրանք էլ են հայամետ և առաջարկում են մեր պետության համար ինտեգրացիոն, իրենց պատկերացմամբ, ավելի արդյունավետ ուղի: Եվ ասել, թե մենք ոչ մի տեղ էլ չենք գնում, այլ սպասում ենք մեր տեղում, նշանակում է՝ սպասենք, տեսնենք` ինչ կլինի: Ինչ խոսք, սա էլ մոտեցում է, ուղղակի պետք է հաշվի առնել, որ աշխահաքաղաքական վերադասավորումների արդյունքում մեզ կարող է որևէ ուղղություն ընտրելը, ասել է թե՝ կողմնորոշվելը, պարտադրվի, իսկ մենք դրան պատրաստ չլինենք: Այդ պարտադրանքի նախանշանները հիմա էլ են առկա, ուղղակի ոմանք համառորեն փորձում են դա չնկատելու տալ: Մինչդեռ սիրողական ու էմոցիոնալ քննարկումների ժամանակներն անցել են, և հասարակությունը մեր քաղաքական ու հասարակական գործիչներից, քաղաքագետներից ու վերլուծաբաններից, իմ կարծիքով, ակնկալում է, որ նրանք պրոֆեսիոնալ մակարդակով հանրությանը ներկայացնեն՝ այս կամ այն ուղղությունն ընտրելու դեպքում ի՞նչ կորուստներ կլինեն, ի՞նչ ձեռքբերումներ կունենանք, և հստակ ու բազմակողմանի գնահատվեն ռիսկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել