• «Շանթնյուզին» տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ դատական իշխանությունը պետք է վայելի ժողովրդի վստահությունը, որ մարդիկ իմանան, որ իրենց տված մանդատով կազմված իշխանության վճիռներն արդար են։ Պատասխանելով լրագրողի` «աշխարհում էդպիսի բան կա՞, մարդիկ վստահո՞ւմ են [ամբողջությամբ]» հարցին՝ վարչապետը պնդել է. «Առաջադեմ աշխարհում՝ այո՛» (հղումն՝ այստեղ)։
• Գործ ունենք միանգամից մի քանի սխալանքների ու փաստական աղճատումների հետ։ Սխալանքներից հիմնականը «նիրվանայի սխալանքն» է, որ հայոց իրականության մեջ կարելի է կոչել արդեն «կախարդական փայտիկի սխալանք»։ «Մենք նախորդ քըխ ռեժիմի դատավորներին կփոխենք պուպուշ ռեժիմի դատավորներով, ու ժողովուրդը կսկսի վստահել»։ Սա այն նույն խնդիրն է, որի մասին բազմիցս խոսել եմ (տե՛ս, օրինակ, այստեղ), այն է՝ բարդ խնդիրներին հեշտ ու «ադնառազըվի» լուծումներ գտնելու մարմաջ։ Իրականում սոցիալական ոչ մի մեծ համակարգում անձերին փոխելով խնդիրները չեն լուծվում․ պետք են երկարատև ու հետևողական համակարգային բարեփոխումներ։
• Երկրորդ՝ ի՞նչ ասել է «առաջադեմ աշխարհ»։ Եթե «առաջադեմ աշխարհի» մասին խոսվում է երրորդ դեմքով, ուրեմն՝ մենք «հետադիմակա՞ն աշխարհն» ենք։ Սա նույնպես պրիմիտիվ մտածողության արգասիք է, այն է՝ «կա մի տեղ/տեղեր, որտեղ ամեն ինչ լավ է, բոլորը բոլորին վստահում են, ու մենք էլ պիտի իրենց պես դառնանք»։ Իրականում սոցիալական իրականությունը մշտնջենական շարժում ու պայքար է, և ոչ մի տեղ ինչ-որ պահի հեքիաթը չի ավարտվում, ու երկնքից երեք խնձոր չի ընկնում։
• Չգիտեմ՝ ով է վարչապետին վստահեցրել, թե «առաջադեմ աշխարհում» դատարանների հանդեպ վստահության խնդիր չկա, քանզի իրականում փաստն այն է, որ կա, ու ըստ որում՝ բարդ խնդիր է, քանզի ինչպես ակադեմիական հետազոտություններն են ցույց տալիս, «առաջադեմ աշխարհում» դատարանների հանդեպ վստահությունը պայմանավորված է նաև արտադատարանային գործոններով, ինչպես, օրինակ, մարդկանց կենսամակարդակն ու կյանքից ունեցած ակնկալիքները։
• Ներկայացնեմ հատված Ռոտերդամի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Վան դե Վաալի (հղումն՝ այստեղ) մի հոդվածից, որ կարծես մի դիպուկ առաջարկություն-հորդոր լինի օրիս հայաստանյան իշխանություններին․ «Սույն հոդվածում … ցույց է տրվում, որ վերջին տասնամյակներում դատական համակարգի հանդեպ վստահությունն անկում է ապրել։ Պարզ չէ, սակայն, արդյոք սա հետևանք է միայն դատական համակարգի գործառնությա՞ն, թե՞ ոչ։ Դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելիս պետք է հաշվի առնել քաղաքացիների կարծիքը, սակայն այդ կարծիքները պետք է շատ զգուշորեն մեկնաբանվեն» (Trust in the justice system: A comparative view across Europe, Prison Service Journal, issue 183, էջ 5, (հղումն՝ այստեղ)։
• Հետագա աղբյուրների և գրականության համար տե՛ս նաև «Եվրոպական հասարակական հարցման» հետազոտությունը (հղումն այստեղ)։