Artsakhpress.am-ը գրում է.
Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է Արցախում լինելը. արցախցիները հրաշալի ժողովուրդ են:
ԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ ընդգծելով, որ ինքը վստահ է, որ Արցախը մի օր միջազգայնորեն ճանաչված կլինի:
Նրա խոսքով՝ ինքն Արցախում եղել է ամենածանր տարիներին, երբ հրետակոծվում էր Ստեփանակերտը:
«Պատերազմից հետո ամեն անգամ Ստեփանակերտ գալով նկատելի է դառնում, որ քաղաքը տարեցտարի գեղեցկանում է, ինչպես նաև տարբեր ոլորտներում տեսանելի է դառնում առաջընթացը: Մենք ականատեսն ենք եղել այն ամբողջ տառապանքին, որի միջով՝ Ադրբեջանի քաղաքականության պատճառով անցել է Արցախի ժողովուրդը»,-ավելացրել է Ք. Քոքսը:
Խոսելով այցի նպատակի մասին՝ մեր զրուցակիցն ասել է, որ իրենք Արցախում են երկու նպատակով. առաջինը՝ քաղաքացիների շահերի պաշտպանության և երկրորդ՝ նրանց աջակցության վերաբերյալ հարցերով:
«Շահերի պաշտպանության շրջանակներում մենք նպատակ ունենք իրազեկելու համայն աշխարհին, թե ինչ է կատարվում Արցախում, և ինչ քաղաքականություն է վարում Ադրբեջանը, մանավանդ, դպրոցներում՝ հայատյացության տարածման առումով: Քաղաքացիների աջակցության շրջանակներում մենք պատիվ ենք ունեցել լինել Ստեփանակերտի «Քերոլայն Քոքս»-ի անվան վերականգնողական կենտրոնում: Մենք շատ գոհ ենք կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանի կողմից իրականացվող աշխատանքներից: Նա վերափոխել է հին կառույցը և դարձրել այն միջազգայնորեն ճանաչված վերականգնողական կենտրոն, որտեղ կարողանում են բուժում ստանալ հաշմանդամները»,-մասնավորապես ասել է Ք. Քոքսը:
Նրա խոսքով՝ հանդիպմանն ԱՀ նախագահն իրենց կազմին տեղեկացրել է, որ Արցախում օրեր առաջ անց է կացվել CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը: Ըստ Բարոնուհու՝ այն լավ հնարավորություն է, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ մարդիկ կարողանան այցելել Արցախ և անձամբ ծանոթանալ երկրին:
Քերոլայն Քոքսին ուղեկցող «Առողջություն և հույս» հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Դոկտոր Սասան էլ ասել է, որ ինքն աշխատում է Բիլմայում, որտեղ ապրում է 60 մլն մարդ:
Նա աջակցում է հաշմանդամություն ունեցող մարդկանց: Ստեփանակերտի «Քերոլայն Քոքս»-ի անվան վերականգնողական կենտրոնի հաջողված օրինակը նրա համար խթան է հանդիսացել, որ ինքը ևս նմանատիպ աշխատանքներ իրականցնի իրենց երկրում:
«Ես փոխել եմ կես միլիոն մարդկանց կյանք, որի համար էլ շնորհակալություն եմ հայտնում Արցախի և Հայաստանի մեր գործընկերներին»,-նշել է Դ-ր Սասան:
Նյութի աղբյուր՝ https://artsakhpress.am/arm/news/108471/vstah--em-or--arcakhy--mi--or-----mijazgaynoren----tchanachvats--klini-qerolayn--qoqs.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել