Tert.am-ը գրում է.

Ստրատեգիական առումով Ադրբեջանի գործողություններում ոչինչ չի փոխվել: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Արցախի «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հրաչյա Արզումանյանը՝ անդրադառնալով հայկական և ադրբեջանական սահմաններում այսօր նկատվող լարվածությանը և դրա պատճառներին:

«Ադրբեջանը եղել և մնում է իր կարծիքին, որ խնդիրը պետք է լուծվի ռազմական ճանապարհով: Նրանց ստրատեգիան չի փոխվել, պարզապես մի փոքր սպասեցին: Եթե ինչ-որ բան էլ փոխվել է, ապա փոխվել է հայկական կողմի պահվածքում․այս ընթացում հայկական կողմի արձագանքը դարձել է ավելի ադեկվատ»,- ասաց նա՝ նշելով, որ հիմա այլ հարց կա՝ արդյոք հասցրե՞լ ենք պատրաստվել ավելի լայնամասշտաբ պատերազմին:

Արդյո՞ք հիմա Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի հարցին ի պատասխան՝ վերլուծաբանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Կովկասում գործում է Ռուսաստանի «անվտանգության անձրևանոցը»:

«Պատերազմ հնարավոր է, եթե Ռուսաստանը նման որոշում ընդունի, բայց հիմա նման մոտիվացիա նրա մոտ ես չեմ տեսնում: Պատերազմի որոշումը չի կարող ընդունվել ո՛չ ադրբեջանական, ոչ էլ հայկական կողմի կողմից: Մենք՝ Հարավային Կովկասի երկրներս, ի վիճակի չենք ընդունել նման որոշում, հատկապես եթե հաշվի ենք առնում, որ գործընթացներ կան նաև Իրանում, Թուրքիայում, և հնարավոր է թեժացում լինի: Մի փոքր ֆանտաստիկայի ժանրից է, որ Իլհամ Ալիևն ինք է պատերազմի որոշում ընդունելու․նման որոշումը ներառվում է տարածաշրջանային գործընթացների ցուցակում»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե շատերը կարծում են, որ Ադրբեջանն անցել է ռազմական հռետորաբանության այն պատճառով, որ երկու հայկական պետություններում՝ Արցախում և Հայաստանում, որոշակի լարվածություն կա, Հրաչյա Արզումանյանն արձագանքեց. «Մենք ունենք դարերի փորձառություն, որ եթե խոսքը վերաբերում է պատերազմին, երբ դրված է ժողովրդի կյանքի ու մահվան հարցը, հայ ժողովրդի ներսում եղած բաժանումները վերանում են»:

Նրա կարծիքով՝ հիմա երկու հայկական երկրներում տեղի ունեցողը ժամանակավոր երևույթ է և չի ազդելու մեր միասնականության վրա պատերազմի ժամանակ:

Պատասխանելով մեկ այլ դիտարկման, որ այս մեկ տարվա ընթացքում բանակցային գործընթացում կարևորվում էր խաղաղության նախապատրաստման օրակարգը, կողմերը նաև համաձայնության էին եկել հումանիտար նախաձեռնություններ իրականացնելու շուրջ, Հրաչյա Արզումանյանը նշեց․

«Ամբողջ բանակցային գործընթացը ցույց տվեց, որ Ադրբեջանը երբեք էլ խաղաղության օրակարգի գարանտ չի եղել: Դրանք եղել են բանակցություններ բանակցությունների համար, որոնք, չգիտես ինչու, վարել է նաև հայկական կողմը: Մինչև հիմա Ադրբեջանը չի իրականացրել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Հիմա խոսվում է հումանիտար նախաձեռնությունների, օպերատիվ կապի մասին դրանք լավ նախաձեռնություններ են, որոնք պետք է իջեցնեն լարվածությունը, բայց Ադրբեջանը նախաձեռնում է քայլեր լարվածությունը մեծացնելու ուղղությամբ, այսինքն՝ նա մնում է իր հին ռազմավարությանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել