Հունիսի 11-ին ֆեյսբուքյան օգտատեր, լուսանկարիչ Գարիկ Ղազարյանն իր էջում մի լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր Երևանի զբոսայգիներից մեկի շատրվաններում կիսամերկ տղա երեխայի լուսանկար: Առաջին հայացքից «անմեղ» այս լուսանկարն իրականում խնդրահարույց էր անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից՝ հատկապես հաշվի առնելով երեխայի լավագույն շահի սկզբունքը:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հորդորով լուսանկարի հեղինակն արդեն իսկ հեռացրել է այն իր էջից, ուստի գործակալությունը դիմում է բոլոր այն օգտատերերին, ովքեր ևս կիսվել են այս լուսանկարով, հեռացնել այն իրենց էջերից:

Հիշեցնենք, որ մարդու լուսանկարը համարվում է կենսաչափական անձնական տվյալ, ուստի ենթադրելի է, որ այն ունի առավել կարևոր պաշտպանության ապահովման անհրաժեշտություն, և մինչև այն մշակելը, այդ թվում՝ փոխանցելը և կամ տարածելը պետք է ստանալ անձնական տվյալների սուբյեկտի (երեխայի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի՝ ծնող, խնամակալ և այլն) համաձայնությունը: Սակայն որոշ դեպքերում, երբ անգամ երեխայի օրինական ներկայացուցիչը չի առարկում կամ տալիս է համաձայնություն առաջին հայացքից ոչ խնդրահարույց լուսանկարը համացանց ներբեռնելուն և հրապարակելուն, ապա կարևոր է, երեխայի լավագույն շահը հաշվի առնելով, ընդունել ի գիտություն, որ այն, ինչ ներբեռնվում է համացանց, այնտեղ մնում է հավեր, և հետագայում կարող է միջամտել երեխայի անձնական կյանքին, հետևաբար անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինն առավել հետևողական վերաբերմունք է ցուցաբերում երեխաների անձնական տվյալների պաշտպանությանը:

Երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ գործակալության հետևյալ 2 ուղեցույցներին

1. Ուղեցույց` երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին
http://moj.am/…/001.Ughecuyc-erexaneri_andznakan_tvyalner.p…
2. Զգո՛ւյշ, երեխաներ են. ուղեցույց՝ երեխաների անձնական տվյալների վերաբերյալ
https://www.unicef.org/armenia/media/2761/file

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել