Վախեր
Ինչքա՞ն վախեր ունենք մենք, ինչի՞ց են վախենում քաղաքական գործիչները, ինչքա՞ն վախեր են ունենում պետական գործիչները, որքա՞ն վախեր են ունենում առաջնորդները:
Փորձեմ անդրադառնալ այս հարցերին:
Մենք՝ որպես քաղաքացիներ, որպես հասարակ մարդիկ, բազում վախեր ունենք, բայց, մեծ հաշվով, դրանք բոլորն էլ անհատական դաշտում են, հետևաբար նաև հեշտ հաղթահարելի, քանի որ այդ հարթությունում ինքդ քո խղճի ու Աստծու առջև ես միայն պատասխանատու։
Քաղաքական գործչի համար էլ վախերի սպեկտրը շատ մեծ չէ` հանրային կարծիք, պարտություն քաղաքական վեճում, ընտրություններում։ Իրականում սրանից անդին քաղաքական դերակատարման համար պատասխանատվությունը միայն թիմիդ առջև է։
Պետական գործիչ դառնում ես, երբ սկսում ես մտածել ու գործել հանուն սերունդների ու պետության: Այս դեպքում վախերը քանակական իմաստով միգուցե ավելի նվազ են, բայց ավելի խորքային՝ անունս պատմության մեջ ինչպես կմնա։
Առաջնորդների վախերը քաղաքական ու պետական գործչի վախերի հանրագումար են, որ հետևորդներին կորցնելու մեջ է ամփոփվում։ Բայց մի բան էլ կա՝ դեպի որ տեսլականն է նա գնում/առաջնորդում. այստեղ նաև զարգացման ուղու ընտրության խնդիրն է ավելանում։
Երազանքներ
Մեկ շաբաթից ավել է՝ տարբեր մարդկանց հետ քննարկում եմ մի երազանք։ Միտքս, թե ինչ կցանկանայի տեսնել օգոստոսի 6-ին Ստեփանակերտի մարզադաշտում, երազանք են կոչել հենց այդ մարդիկ, ում ներկայացրել եմ: Այո՛, երազանք, չեմ մերժում։ Իսկ երազանքս բարդ բան չէ։ Երազում եմ` պատմությանը, աշխարհին, մեր հակառակորդ-թշնամիներին, մեր ընկերներին, բայց ավելի կարևորը` մեր ու մեր ապագա սերունդներին միասնության մի սիմվոլ-պատկեր փոխանցենք։ Բայց դա սիմվոլ կլինի, եթե հնարավոր լինի այն իրականացնել։ Այդ սիմվոլն իրականում մեկ ֆոտո է: Մի քանի ժամվա միասնական գործողություն է՝ Համահայկական օլիմպիական խաղերի բացման մասնակցությամբ։ Պատկերացրեք մի շարքում իրար կողքի նստած տեսնել ՀՀ և Արցախի նախկին ու ներկա բոլոր նախագահներին ու վարչապետերին, Գերագույն խորհուրդների ու Ազգային ժողովի նախագահներին, հաջորդ շարքում բոլոր նախկին ու ներկա նախարարներին, իսկ մյուս շարքում` պատգամավորներին: Իհարկե, պատվավոր ներկայությամբ մեր վեհափառների և սփյուռքի հայտնի ու հզոր դեմքերի։ Այո’, ես ունեմ այսպիսի երզանք։ Մեկ անգամ չեմ սրա մասին պատմել ինչպես պաշտոնյաներին, այնպես էլ իմ շրջապատին։ Իսկ ամեն ինչ սկսվում է խոսքից, դե ես էլ պատմել եմ։
Մե՞ծ բան եմ ուզում: Հաստատ չէ: Ի՞նչը կխանգարի այն կյանքի կոչել: Իհարկե, վախերը:
Ներկաները կվախենան քաղաքական ռեյտինգ կորցնելուց: Նախկինները կվախենան «մունաթ-հայացքներից». ո՞նց կարելի է այդքան տարբեր ժամանակների «վատ մարդկանց» իրար կողք բերել: Ու հասկանում եմ, որ բոլոր վախերը մեզ տանում են անցյալ: Ու քչերին է հետաքրքիր, որ սա կարող է օգնել հաղթահարել ապագայի վախերը: Որ սա միասին, իրար հետ ապրելու ու միասին հզոր երկիր կառուցելու սիմվոլը կարող է լինել, նույնիսկ դիսկուրսի թեմա չի դառնում։
Վայ, վախեր, այս ինչի՞ չեք թողնում՝ դասեր քաղենք անցյալի մեր պառակտվածությունը հաղթահարելու համար։ Ե՞րբ ենք մենք սկսելու երազել, ապրել առնվազն 4 սերունդ առաջ մտահոգվելով։
Ու այստեղ նաև շատ մեծ գործ ունի անելու հասարակությունը, որը կարող է հանգիստ ասել` գնացեք, մեզ դա պետք է: Պահանջել հանուն իր ապագա սերունդների, հանուն այսօրվա մեր միասնության ու մեր միասնական հայրենիքի անվտանգության։ Չեմ ցանկանում հիմա պատմական ո՛չ անուներ նշել, ո՛չ դեպքեր, թե ինչպես այլ ազգերը կամ պետությունները կարողացել են հաղթահարել զանազան տարբերություններ կամ իրավիճակներ, քանի որ մենք էլ մեր պատմության մեջ ունենք հազարավոր օրինակներ ու դասեր։
Ես անձնապես, ինչքան էլ որ ունեմ իմ հարցերն ու խնդիրները, բայց համարելու եմ, որ ունեմ ավելի արժանապատիվ ու հզոր նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, Սերժ Սարգսյան, Արմեն Սարգսյան, Բակո Սահակյան, արժանապատիվ ու հզոր վարչապետներ Վազգեն Մանուկյան, Գագիկ Հարությունյան, Օլեգ Եսայան, Խոսրով Հարությունյան, Հրանտ Բագրատյան, Արմեն Դարբինյան, Ժիրայր Պողոսյան, Արամ Սարգսյան, Անուշավան Դանիելյան, Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Արայիկ Հարությունյան, Կարեն Կարապետյան, և այս շարքը կառաջնորդի Նիկոլ Փաշինյանը։ Վստահ եմ, որ երջակահիշատակ Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, Անդրանիկ Մարգարյանն ու Լեոնարդ Պետրոսյանը միայն կողջունեին այս երազանքը, կնայեն հեռվից ու կժպտան բոլորին։ Մեր վեհափառներն էլ ամեն օր իրենց աղոթքներում մաղթում են, որ երազանքները կյանքի կոչվեն։ Հանուն մեր ապագա սերունդների մեկ վայրկյան համատեղ ժպիտ, պարոնայք, և հանուն հզոր Հայաստանի անձնական կոմպրոմիսների, իսկ իրականում ազգային կոնսենսուսի միասնական այդ էներգետիկան կծառայի մեր երկրի վաղվան։
Այո՛, ես չեմ վախենում երազել։ Հիշենք, որ մեր միասնական երազանքն է միշտ լինելու մեր հաղթանակների գրավականը։