Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Բաբայանի ,վճռել է սնանկ ճանաչել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ դիմող «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Գեղամ Թադևոսյանը դիմել էլ էր դատարան և խնդրել, որ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանը ճանաչվի սնանկ: 
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Ս. Գրիգորյանի 20.12.2018թ. որոշմամբ դիմումը վերադարձվել էր:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲ ընկերության ներկայացուցչի կողմից կրկին ներկայացվել է դիմում, որը դատարանի 21.01.2019թ.-ի որոշմամբ ընդունվել էր դատարանի վարույթ, և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ էր նշանակվել Տիգրան Սահակյանը: 

Դատական նիստում դիմողի ներկայացուցիչը դատարանին հայտնել էր, որ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲ ընկերության և Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի միջև 07.07.2017թ. կնքվել է թիվ OVD1705519 վճարային քարտով վարկային գծի պայմանագիրը, ըստ որի բանկը պայմանագրով նախատեսված պայմաններով վարկառուին տրամադրել է 1.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային գիծ, իսկ վարկառուն պարտավորվել է մինչև 07.07.2020թ. վերադարձնել ստացված վարկը և տարեկան 10% վճարել դրանից:

Վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով 07.07.2017թ. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲ ընկերության և Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի միջև կնքվել է անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիր, որով գրավադրվել է գրավատուին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Այասի փողոց 10/1 հասցեում գտնվող անշարժ գույքը: 
Բանկը 22.06.2018թ. վարկառուին ուղարկել է պարտավորությունների կատարման վերաբերյալ նախապահանջ՝ վերջինիս տեղեկացնելով պարտքի ժամկետանց գումարը չվճարելու դեպքում վարկային պայմանագրով սահմանված կարգով պարտքի ամբողջ գումարը և վնասները բռնագանձելու մասին, սակայն պարտավորությունները կրկին չի կատարել: 

Բանկի կողմից 26.07.2018թ. բռնագանձման ծանուցում է ներկայացվել Սուրիկ Խաչատրյանին երկամսյա ժամկետում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու, իսկ հակառակ դեպքում նաև գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին, սակայն վերջինիս կողմից պարտավորությունները կրկին չի կատարվել:

07.12.2018թ. դրությամբ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի պարտքը «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի նկատմամբ կազմել է 1.012.260,36 ԱՄՆ դոլարին համարժեք 491.209.462,30 ՀՀ դրամ:

Ըստ այդմ էլ՝ դիմողի ներկայացուցիչը խնդրել է ճանաչել Սուրիկ Սերգեյի Խաչատրյանին  սնանկ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել