Ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը: Այս խոսքերի հեղինակը եղել է Բրիտանական կայսության վարչապետը չորս անգամ։ Այն ժամանակ, երբ Միացյալ Թագավորությունն իր փառքի ու հզորության գագաթնակետում էր, իսկ անկախ Հայաստան գոյություն չուներ (մի մասը Ռուսաստանի տիրապետության տակ էր, մյուս մասը՝ Թուրքիայի), իր էությամբ, զբաղեցրած դիրքով Գլադստոնը՝ բրիտանական լորդը, մի առանձնապես ծառայող էլ չէր, բայց Հայաստանին նա պատրաստ էր ծառայել և կոչ էր անում դա անել նաև մյուսներին։ Սա ի գիտություն մեր նախկին դեսպան Արմեն Սարգսյանին, որ հենց հայտնվեց Մեծ Բրիտանիայում (ի դեպ, ՀՀ-ի շնորհիվ ու նրա շահերը ներկայացնելու նպատակով), մի որոշ ժամանակ անց գտավ, որ ինքն արդեն բրիտանացի է, իր երեխաները՝ նույնպես։ Այդպես է լինում, երբ կոչումով գիտնականը, հոգով պահեստապետը հարմար առիթ է ունենում իր համար ինչ-որ բան պոկելու ու պահեստավորելու։ Լավ, պարզ է, չէ՞, որ ուշ թե շուտ մեկը դատական հայց է ներկայացնելու Արմեն Սարգսյանի դեմ ու ապացուցի, որ նա չէր կարող երկքաղաքացի լինել այն ժամանակ, երբ ՀՀ-ն երկքաղաքացիություն թույլատրելու մասին դրույթ չուներ։ Դա հնարավոր եղավ 2005 թ․ սահմանադրական փոխոխություններից հետո՝ «ՀՀ քաղաքացիութան մասին օրենքում» 2007 թ․-ին հոդված 131 -ն ընդունելու շնորհիվ։ Կնշանակի այդ մարդը, որ այսօր ՀՀ-ն է ներկայացնում աշխարհում, ժամանակին հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։ Չեմ խոսում այն մասին, որ բրիտանական քաղաքացիությունից էլ հետագայում հրաժարվել է այնքան ուշ, որ, դառնալով ՀՀ նախագահ, խախտել է մեր երկրի Սահմանադրությունը, ու դա արդեն քրեորեն հետապնդելի արարք է, բայց ավելի կարևոր է հարցի բարոյական կողմը՝ ինչպե՞ս կարող է մարդ, որ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, դառնալ այդ երկրի գլուխ՝ համաձայն Սահմանադրության, այն Սահմանադրության, որը ոտնահարել է նախագահ դառնալով։

Վահե Գրիգորյանը, ում Արմեն Սարգսյանն առաջադրել է որպես ՍԴ դատավորի թեկնածու, ժամանակին հրաշալի բնորոշել է ՀՀ նախագահին որպես տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ, ոչ լեգիտիմ նախագահ: Ի դեպ, ինքն էլ, լինելով ՀՔԾ պետի անձնական օգտագործման, կներեք, հատուկ հանձնարարություններով փաստաբան, իր բնութագիրն է ստացել մեր հանրությունից, որը պակաս վիրավորական չէ, քան այն, ինչ ինքն ասել է Արմեն Սարգսյանի հասցեին։ 

Նախագահի անսկզբունքայնությունն ինչ-որ կերպ արդարացնելու նպատակով հնչում են կարծիքներ, թե ինչ անի, եթե չհամաձայնվի կատարել Փաշինյանի կամքն ու անգամ հրաժարական տա, ինչն անթասիբ Արմեն Սարգսյանի պարագայում քիչ հավանական է, ապա վարչապետը նրան դատի կտա, կփռի ասֆալտին ու կծեփի պատին։ Բայց իրականում, եթե նախագահը հրապարակավ իր անհամաձայնությունը հայտնի վարչապետին, անկախ նրանից՝ դրանից հետո հրաժարական կտա, թե ոչ, ու անկախ նրանից, թե իր հանդեպ ինչպիսին է հանրության վերաբերմունքը, թե՛ երկրի ներսում, թե՛ դրսից կկանգնեն Արմեն Սարգսյանի մեջքին, քանի որ դա կբնութագրվի, որ Նիկոլ Փաշինյանը հերթական ապօրինությունն է իրեն թույլ տալիս․ ԱԺ-ի վրա է հարձակվում, դատարաններն արգելափակում, հիմա էլ նախագահի վրա է ձեռք բարձրացնում։ Իսկ եթե հլու-հնազանդ կամակատարի նման այս ամենն Արմեն Սարգսյանը հանդուրժի, ապա, մեկ է, չի կարողանալու խուսափել միջազգային սկանդալից, ու իր դեմ հարուցվելիք դատական գործի դեպքում նա մենակ է մնալու, և ո՛չ իր կապերը, ո՛չ փողերը նրան չեն փրկի։

Հասկանալի է, որ Վահե Գրիգորյանն իշխանություններին հատուկ ծառայություններ մատուցելուց հետո հո չի՞ պատրաստվում լինել ՍԴ հասարակ դատավոր, նա անպայման կդառնա ՍԴ նախագահ, իսկ Արմեն Սարգսյանին դատելուց հետո Վահե Գրիգորյանն ի՞նչ կդառնա՝ դեն նետած թաշկինա՞կ։ Իսկ դրանից հետո Վահե Գրիգորյանն արդյոք մենակ չի՞ մնալու։ Ի դեպ, այս դեպքում այդ երկու օգտագործվածները չեն միանա, որպեսզի մեկուսացումից խուսափեն, քանի որ երկու անպետքների միացումից ոչ մի պետքական բան չենք ստանա։ Սա հո ջարդած մեքենա՞ չէ, որ մեկի հետևը վերցնենք, մյուսի՝ առաջը, միացնենք ու ստանանք ԱրմՎահ մոդելի մի հիբրիդ։

Մտածեք, պարոնայք, քանի ուշ չէ, մտածեք, քե ինչպես եք ապրելու այդ սկանդալից հետո։ Կարծում եմ՝ Վահե Գրիգորյանը մի պատրվակով պետք է հետ կանգնի ՍԴ դատավոր դառնալու մտքից, որպեսզի այս ամենը քրեական զարգացում չունենա, դրանով իսկ փրկի նաև Արմեն Սարգսյանի հետույքը, գուցե դրանից հետո իշխանությունները մի ուրիշ կիրառություն գտնեն Վահե Գրիգոյանի համար, չէ՞ որ, ինչպես ասվում է հայտնի ֆիլմում․ «Լավ հաշվետարներ (Վահե Գրիգորյանի դեպքում` կամակատարներ) հիմա ամենուր պետք են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել