
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի այսօրվա հերքման փորձը ոչ միայն չփարատեց բարձրացված հարցերը, այլև դրանք դարձրեց առավել արդիական։ Եթե այսօրվա հրապարակումը, ըստ գրասենյակի, ենթակա է հերքման, ապա ինչպե՞ս բացատրել այն, որ 2018 թվականի մամուլի հրապարակումները, որոնք անդրադառնում էին նախագահ Քոչարյանի և Արմեն Սարգսյանի հանդիպմանը, նույն օպերատիվությամբ հերքման չեն արժանացել։ Թե՞ հետին թվով հերքումները այսօր քաղաքական կոնյուկտուրայի մի մասն են։
Միևնույն ժամանակ, հեռախոսազրույցների և շփումների վերաբերյալ իմ պնդումները շարունակում են մնալ անհերքելի։ Եթե պարոն Միկոյանի համար սկզբունքային նշանակություն ունի հանդիպումների և հեռախոսազրույցների վայրը կամ քանակը, կամ եթե նա հենց այդ պատճառով է վրդովվում և հարցադրումները համարում սուտ պնդումներ, ապա ցանկանում եմ ևս մեկ անգամ հստակեցնել, որ ըստ էության, հարցը հանդիպումների, դրանց քանակի կամ վայրի մասին չէր։ Առավել կարևոր է այն հարցը, թե ինչո՞ւ և ինչ նպատակով է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել կամ հեռախոսազրույցներ ունեցել մի անձի հետ, ում, ըստ իր թիմակիցների պնդումների, վերագրվում է Արցախի հանձնման գործընթացում առանցքային դերակատարություն։
Այս համատեքստում հատկապես կարևոր է մեկ այլ հարց. եթե այժմ պնդում եք, որ նման գնահատականները իրականությանը չեն համապատասխանում, ապա ինչպե՞ս պետք է հասկանալ այն, որ 2018 թվականի ապրիլի 9-ին Ռոբերտ Քոչարյանը հրապարակային կերպով շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և արդյունավետ աշխատանք։ Ինչո՞ւ էր պետք շնորհավորել և արդյունավետ աշխատանք մաղթել մի մարդու, ով, ըստ երկրորդ նախագահի թիմակիցների, հետագայում պետք է ճակատագրական դեր ունենար Արցախի հանձնման գործընթացում։
Հետևաբար, եթե պարոն Միկոյանը նպատակ ունի տալու լիարժեք պարզաբանում, ապա անհրաժեշտ է, որ նա անդրադառնա այս հարցերին՝ ոչ թե ընտրովի և 7 տարի ուշացումով արվող հերքումներով, այլ հստակ և փաստարկված հիմնավորումներով։
Հ.Գ. Իմ ուղղակի հարցին Դուք պատասխանեցիք, որ դա սուտ է, իսկ Միհրդատ անունով մեկը, ով «Նիկոլի զոմբիներին» հարիր ձևակերպումներով գրառումներ է անում, պարզապես բանսարկության մեջ է մեղադրում ինձ՝ առանց պատասխանելու բուն հարցին։ Եթե ի վիճակի չեք քաղաքական բանավեճ վարելու, ապա մի արտահայտեք մտքեր, որոնց համար պատասխանատվություն չեք կարող կրել, և մի իջացրեք քաղաքական խոսույթի մակարդակը՝ հասցնելով այն Նիկոլին հարիր հռետորաբանության։ Եվ մի բան էլ. ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար հանդիսացող մարդը կարող է ավելի կրեատիվ և չծեծված ձևակերպումներ գտնել, քան սոցիալական ցանցերում հազար անգամ կրկնված և չարչրկված շաբլոնները:


Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100009109110029/posts/3835835923396674/?mibextid=wwXIfr&rdid=O7RpRog43U9dT2k4#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել