Արցախյան հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ Դուշանբեում ԱՊՀ երկրների գագաթաժողովի ժամանակ սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը չի գործում: Այդ պայմանավորվածության ձեռքբերումից հետո էլ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ փորձելով հակամարտության լուծումը բանակցային օրակարգից տեղափոխել ռազմական հարթություն: Իսկ վերջերս էլ Ադրբեջանը փորձեց ավելի սրել իրադրությունը շփման գծում՝ հերթական սադրանքի արդյունքում սպանելով Արցախի ՊԲ զինծառայողի:
Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ տրամաբանական կլիներ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լարվածություն ստեղծող քայլերից զերծ մնալու հասցեական կոչ հղեին Ադրբեջանին, սակայն միջնորդներն այս անգամ ևս գերադասեցին խուսափել պաշտոնական Բաքվի հասցեին որևէ «թթու խոսք» հնչեցնելուց: Եվ այս պայմաններում հայկական կողմին այլ ելք չէր մնում, քան կոշտ պատասխան տալ ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքում էլ սպանվեց ադրբեջանցի զինծառայող:
Հայկական կողմի կոշտ պատասխանից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որում դատապարտում է «հայկական կողմի՝ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը»՝ ընդգծելով, թե այն արտգործնախարարների հանդիպումից առաջ խաթարում է բանակցային գործընթացը: Եվ դատելով այս հայտարարությունից ու ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող ինֆորմացիոն հոսքերից՝ Բաքուն նոր սադրանքներ է նախապատրաստում, որի օգնությամբ փորձելու է իրավիճակը հասցնել էսկալացիայի:
Ադրբեջանական սադրանքները հայկական կողմից անպատասխան չեն մնա, սակայն շփման գծում իրավիճակի թեժացումը վտանգավոր իրավիճակ կարող է ստեղծել տարածաշրջանում անվտանգային միջավայրի համար, ուստի այսպիսի իրավիճակից խուսափելու նպատակով միջնորդները պետք է հասկանան, որ լավագույն լուծումը կարող է լինել 2016 թ. Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակում շփման գծում վստահության միջոցների ամրապնդմանը միտված պայմանավորվածությունների իրագործումը, և քայլեր ձեռնարկեն, որ ադրբեջանական կողմը կատարի այդ պայմանավորվածությունների շրջանակում իր ստանձնած պարտավորություները: