ՀՀ Քննչական կոմիտեն պարզել է ուսանողուհու կողմից իրեն և եղբոր երեքամյա դստերն առևանգումից ազատելու համար որպես փրկագին 1 մլն դրամ պահանջելու պատրվակով խաբեությամբ ազգականներից հափշտակություն, ինչպես նաև սուտ մատնություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքները:

Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1999 թվականին, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ անձը, 2019 թվականի մայիսի 8-ին դանակի սպառնալիքներով Երևան քաղաքի Արցախի փողոցի շենքերից մեկի մուտքում հանելով իր բլուզը, կիսամերկ վիճակում նկարել է իրեն, ապա ճշտել համացանցում ունեցած իր կայքերի գաղտնաբառերը և իր կիսամերկ լուսանկարները հրապարակելու ու իր հարազատներին վնասելու սպառնալիքով հարկադրել է վերցնել եղբոր երեքամյա դստերն ու դուրս գալ տնից, ում պահանջը կատարելով՝ եղբոր դստեր հետ միասին գնացել է այգի։

Ըստ 19-ամյա ուսանողուհու հաղորդման՝ այգում գտնվելու ընթացքում իբր հեռախոսով հետևել է, թե ինչպես է անհայտ անձը Facebook սոցիալական ցանցի՝ իրեն պատկանող Messenger հավելվածի միջոցով իր անունից նամակագրություն վարել մոր և եղբոր հետ, վերջիններիս տեղեկացրել իրենց առևանգման մասին և որպես ազատման փրկագին պահանջել 1 մլն դրամ` սպառնալով, որ գումարը չտալու դեպքում այլևս չեն տեսնի իրենց:

Աղջիկը միաժամանակ նշել է, որ իրեն ահաբեկած անձի պահանջով իր հարազատների կողմից IDram վճարային համակարգով իր հաշվեհամարին ուղարկված գումարից կանխիկացրել է 600,000 դրամ և այն թողել նշված անձի մատնանշած տաքսի ավտոմեքենայում, ապա եղբոր դստեր հետ միասին վերադարձել տուն:

Քննչական գործողությունների և Ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ 19-ամյա աղջկա կողմից ներկայացված հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում:

Միաժամանակ պարզվել է նաև, որ խաբեությամբ, ձևացնելով անհայտ անձի կողմից իր և եղբոր դստեր առևանգումը՝ ծնողներից և եղբորից աղջիկը պահանջել և խարդախությամբ հափշտակել է գումար:

Դեպքի առթիվ 2019 թվականի մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 333-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 3-րդ կուրսի ուսանողուհին, ակնկալելով բարելավել ընտանիքի ֆինանսական վիճակը, գտնվելով հեռուստասերիալի ազդեցության ներքո, որում ինչ-որ մեկին առևանգել են և պահանջել փրկագին, որոշել է նման բան կազմակերպել, որպեսզի ծնողները դիմեն որևէ մեկին՝ պարտքով գումար տալու խնդրով, իսկ այն ստանալուց հետո գումարը տրամադրել ծնողներին՝ բացատրելով, որ անցել է աշխատանքի։

Այդ նպատակով 2019 թվականի մայիսի 17-ին եղբոր երեքամյա դստեր հետ զբոսնելու պատրվակով դուրս է եկել տնից, ապա իր անձնական կայք-էջից այլ անձի անունից կապ է հաստատել մոր և եղբոր հետ՝ հայտնելով, որ իրենց առևանգել են և ներկայացրել է պահանջ՝ 1 մլն դրամ գումար իր հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ՝ սպառնալով, որ ոստիկանություն դիմելու և գումարը չփոխանցելու դեպքում իրենց այլևս չեն տեսնի:

Երեխայի հայրը՝ 19-ամյա ուսանողուհու եղբայրը, սպառնալիքները որպես իրական ընդունելով, կնոջ մորաքրոջից պարտքով գումար է վերցրել և նույն օրը՝ պահանջը ներկայացնելուց երեք ժամվա ընթացքում, IDram վճարային համակարգի միջոցով սպառնալիքների հեղինակի մատնանշած, վերջինիս անվամբ բացված հաշվեհամարին է փոխանցել 820,000 դրամ գումար։

Այնուհետև, համոզվելով գումարի փոխանցման մասին, աղջիկը կանխիկացրել է 600,000 դրամը և վերադարձել տուն` պնդելով առևանգման մասին։ Մի քանի օր անց, տեղեկանելով, որ մայրը ոսկեղենն է գրավադրել պարտքով վերցված գումարը վերադարձնելու նպատակով, պատմել է ողջ եղելությունը, մորը տվել 600,000 դրամն ու նրա հետ միասին կանխիկացրել հաշվեհամարին մնացած 220,000 դրամը:

Կատարվածի վերաբերյալ 19-ամյա աղջիկը տվել է խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել