Ինչի՞ համար եմ ես հարկ վճարում, եթե ազնիվ հարկատուն չի խրախուսվում, կամ պետությունը չի պաշտպանում նրա շահերը օրենքով: Ինչպե՞ս շուկայում դիմանալ մրցակցությանը, եթե շուկայի մեծ մասն աշխատում է սևով՝ առանց հարկեր վճարելու և կրկնակի էժան ծառայության վճարներով: Ինչո՞ւ պետք է իմ հարկերով աշխատավարձ ստացող ՊԵԿ-ի աշխատակիցներն իրենց գործառույթը գցեն ինձ վրա: Ինչո՞ւ պետք է ես հարկերը վճարեմ, մի կերպ հասցնեմ աշխատակիցներիս աշխատավարձերը, բայց նույն ոլորտում առանց գրանցվելու աշխատող, հարկեր չմուծող, կրկնակի էժան գնով աշխատող քաղաքացին հանգիստ, առանց վախենալու շուկան ավերելով աշխատի, քանի որ վստահ է, որ ՊԵԿ-ից ոչ ոք իրեն չի անհանգստացնելու: Իսկ երբ ես զանգահարում եմ ՊԵԿ, ինձ ասում են, որ կոնկրետ անձի տվյալներ ասեք, ստուգենք՝ այդպիսով իրենց կողմից կատարվող գործառույթը բարդելով ինձ վրա: Ինչո՞ւ պետք է ես իրենց տեղը ապօրինի գործունեություն ծավալող մարդու գտնեմ: Բոլորին հայտնի է, որ համացանցում ավելի դժվար է նորմալ գործակալության հայտարարություն գտնելը, քան ինքնակոչ գործակալների: Գոնե գիտե՞ք՝ դատարաններում ինչքան գործեր են քննվում նման ոչ պրոֆեսիոնալ անձանց կողմից կատարված գործարքների պատճառով: Մի՞թե դժվար է համացանցում գտնել չգրանցված գործակալների, թե՞ դա էլ մենք պիտի անենք: Ախր դուք էլ լավ գիտեք՝ որքան է կորցնում պետությունը Ձեր անգործության պատճառով: Կորցնում ենք գրանցված աշխատատեղեր, դատարաններում ավելանում է վիճելի գործարքների քննության թիվը, չեն ավելանում պետբյուջե մուտքագրվող գումարները մեր ոլորտից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել