Երեկվանից e-draft համակարգում տեղադրված է Հարկային օրենսգրում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է, որ եթե օտարերկրյա պետությունում հարկի գումարը պահվել է հարկ վճարողից, ապա Հայաստանում տարբերության մասով հարկային պարտավորություն չի առաջանալու: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով «խոպանչիներին» հարկելու մասին օրենքին։

«Մենք հաշվի ենք առել մեր քաղաքացիների դիտարկումները եւ նախատեսել ենք դա: Այն ծանուցումները, որ հարկ վճարողները ստացել էին այն մասին, որ իրենցից հարկի գումար է պահվել ասենք, ՌԴ-ում եւ տարբերությունը ենթակա է վճարման Հայաստանում, այդ մասով փոփոխություն ենք անում:

Բայց ամենեւին ընդունելի չեն բոլոր այն դիտարկումները, որ որեւէ մեկը կարող է ասել՝ ինչո՞ւ ես պետք է հարկ վճարեմ: Մենք հարկի դիմաց ստանում ենք անվտանգություն, ստանում  ենք սոցիալական ապահովվածություն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ստացվում է, որ հանրության դժգոհությունը ստիպեց իշխանություններին հետքայլ անել, Բադասյանն ասաց. «Մենք ի սկզբանե պլանավորել էինք, որ երբ ծանուցագիր էինք ուղարկում, դրանից հետո կարող էր լինել տարբեր սցենարներ»:

Հիշեցնենք՝ Գեղարքունիքի ու Շիրակի մարզերից արտագնա աշխատանքի մեկնողները բողքի ակցիաներ էին արել՝ փակելով ճանապարհներ։ Նրանք բողոքում էին ՊԵԿ-ի կարգավորման դեմ, որով դրսում գրանցված աշխատողները պետք է հարկ վճարեն նաև Հայաստանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել