Այս տարվա փետրվարին իսրայելական ոչ առևտրային SpaceIL կազմակերպությունը «Բերեշիտ» ավտոմատ տիեզերական սարքն ուղարկել է Լուսին։ Սրա մասին հայտնում է Mashable-ը։

Սարքի վրա տեղադրվել են 25 փոքրիկ նիկելից պլաստիններ, որոնք 100 գիգաբայթ տվյալներ են պարունակում. 30 հազար գիրք, 5 հազար լեզուների մասին տեղեկատվություն և «Վիքիպեդիայի» ամբողջական կրկնօրինակը՝ շուրջ 30 միլիոն էջ տեքստ՝ նկարներով։

Արխիվը կազմվել է Arch Mission Foundation-ի կողմից, որը ոչ առևտրային կազմակերպություն է։

Լուսին թռչելով և այնտեղից մի քանի նկար Երկիր ուղարկելու համար ապրիլի 11-ին «Բերեշիտը» պետք է վայրէջք կատարեր Լուսնի վրա։ Սակայն տեխնիկական խնդիրներ առաջացան, և սարքը 500 կմ/ժ արագության տակ կործանվեց։ Վթարը կարող էր լինել արխիվի տեղափոխման առաքելության ձախողումը, եթե պլաստիններն այնպես մշակված չլինեին, որ դրանք քայքայելն անհնար լիներ։

Այսպիսով՝ Լուսնի վրա ինչ-որ տեղ գտնվում են տվյալներով սկավառակներ։

Arch Mission-ը չի պատրաստվում հանձնվել. նա ցանկանում է, որ ինտերնետ-օգտատերերն օգնեն իրեն գտնել «լուսնային գրադարանի» տեղը։

Ֆոնդը բաց Google Docs փաստաթուղթ է ստեղծել արխիվի և դրա բովանդակության մասին մանրամասն տեղեկություններով, ինչպես նաև կործանման մասին ինֆորմացիայով։

Խնդիրը լուծելու և Arch Mission-ին օգնելու համար պետք է գլուխ հանել ֆիզիկայից և մաթեմատիկայից.

«Եթե տիեզերանավը, որի վրա 100 գ քաշով առարկաներ են գտնվում, 500 կմ/ժ արագությամբ Լուսնի մակերևույթ է ներխուժում, ինչքա՞ն հեռու են թռչում այդ առարկաները»։

Լուսնի վրա գտնվող արխիվում նաև Աստվածաշնչի տեքստը կա, Դևիդ Կոպերֆիլդի հնարքների գաղտնիքները և չիլի կոն կեսո սոուսի բաղադրատոմսը։

SpaceIL-ն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է մշակել «Բերեշիտ-2»-ը, որը, հուսով են, բարեհաջող վայրէջք կկատարի Լուսնի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել