Նկարում պատկերված են դաշնակիցների զորամիավորումները, ովքեր 1944թ. հունիսի 6-ին իրականացրին պատերազմի արդյունքը կանխորոշած բեկումնային գործողություններից մեկը: Պատմության մեջ այս օրը՝ 1944թ. հունիսի 6-ին, դաշնակիցների զորքերի հրամանատար գեներալ Դուայթ Էյզենհաուերի գլխավորությամբ սկսվեց «Օվերլորդ» գործողությունը: Գործողության շրջանակներում դաշնակիցների զորամիավորումները նավերով դուրս եկան Հյուսիսային Ֆրանսիայի (Նորմանդիա) ափ, և բացվեց Երկրորդ ճակատը: Դեսանտային այդ գործողությունը խոշորագույնն է իր բնույթի մեջ մարդկության պատմության համատեքստում: Ընդհանուր առմամբ ողջ գործողության շրջանում դաշնակիցների մոտ 3 միլիոն զինվոր է մասնակցել դեսանտային այդ գործողությանը: Գործողությունն իր հերթին բաղկացած էր երկու մասերից, որոնք ունեին իրենց անվանումները: Գործողության առաջին մասը կոչվում էր «Նեպտուն» (հունիսի 6-հուլիս): Այն ենթադրում էր դաշնակիցների զորամիավորումների բարեհաջող ափ դուրս գալը և մերձակա տարածքների գրավումը: Գործողության 2-րդ փուլը, որը կոչվում էր «Կոբրա», որն արդեն իրենից ենթադրում էր Ֆրանսիայի ամբողջական ազատագրում: Մեկ հատկանշական բան, դեսանտային գործողության շրջանակներում քննարկվում էր երկու տարբերակ: Կամ զորքերը դուրս էին գալիս Նորմանդիայում կամ Պա Դե Կալե կոչվող հատվածում: Վերջիվերջո, որոշում էր կայացվել հօգուտ Նորմանդիայի: Այս առումով դաշնակիցները կարողացել էին հմտորեն մոլորեցնել գերմանացիներին: Բանն այն է, որ դաշնակից երկրների հատուկ ծառայությունները կարողացել էին սեփական երկրներում գտնվող գերմանական հատուկ ծառայությունների աշխատակիցների «թեթև ձեռքի» օգնությամբ կեղծ տեղեկություններ հասցնել գերմանական ռազմաքաղաքակն ղեկավարությանը, այդ իսկ պատճառով գերմանացիները սպասում էին, որ դաշնակիցները ափ դուրս կգան Պա Դե Կալեյում, որն աշխարհագրորեն ավելի հարմար դիրք ուներ: Ընդհանուր առմամբ Օվերլոլդ գործողությունն իր բնույթով փայլուն իրականացված գործողություն էր և իր անշրջելի հետքը թողեց Հիտլերյան Գերմանիայի ջախջախման հարցում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2319999268049334&set=a.501083209940958&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել