Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Չեն Շիխինի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Որպես Հայաստանի նախագահ և որպես մարդ, ով շատ լավ հասկանում է միջազգային համագործակցության արժեքը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բանկին այն ամենի համար, ինչ նա արել է այս տարիների ընթացքում»: Հանրապետության նախագահը քաջալերել է բանկի ներկայացուցիչներին՝ ավելի ընդլայնելու կառույցի ծրագրերը Հայաստանում:

Նախագահ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանը և Ասիական զարգացման բանկը լավ գործընկերներ են. բանկի ակտիվ մասնակցությամբ նախորդ տարիների ընթացքում հանրային և մասնավոր սեկտորներում կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր են իրականացվել:

Նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան և ընդհանրապես տարածաշրջան՝ Ասիական զարգացման բանկի փոխնախագահը տեղեկացրել է, որ ինքը ներկա է եղել Աստանայի տնտեսական ֆորումին և շատ տպավորված է այնտեղ նախագահ Սարգսյանի հետաքրքիր ելույթից: «Ձեր խոսքերը ոգեշնչեցին բոլոր ներկաներին,- ընդգծել է նա: - Դուք խոսեցիք գլոբալիզացիայի, 21-րդ դարի մասին, անդրադարձաք ամենակարևորին՝ մարդկային կապիտալին, արհեստական բանականությանն ու ապագային, նշեցիք, որ տեխնոլոգիաները շատ են փոխվելու: ԱԶԲ-ում շատ քննարկումներ են եղել այն մասին, թե ինչպիսին են լինելու տեխնոլոգիաներն ապագայում»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ նախագահական նախաձեռնությունների շրջանակում մտադիր է ձեռնարկել երկրի ապագային ուղղված մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է խթանել կրթության, գիտության, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության զարգացումը: Արմեն Սարգսյանը խոսել է նաև Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու գաղափարի մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել այս ծրագրերի իրականացմանն Ասիական զարգացման բանկի հնարավոր մասնակցության մասին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել