ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին և եկել այն եզրահանգման, որ նախորդ իշխանությունների ներկայացուցիչները և նրանց սպասարկող ԶԼՄ-ներն ուզում են ստեղծել համատարած դժգոհության ֆոն, որը կվերածվի քաոսի: Դավիթ Սանասարյանը նաև դրա դեմ պայքարի «բաղադրատոմս» է առաջարկում իշխանություններին, ինչպես կարելի է հասկանալ նաև նրանց սպասարկող ԶԼՄ-ներին, կեղծ և իրական սոցցանցային օգտատերերին, ըստ որի՝ վերջիններս պետք է հեռու մնան նախորդների հետ բանավեճի մեջ մտնելուց, Սորոսի թեմայից, իսկ իշխանություններն էլ պետք է օր առաջ իրականացնեն խոստացված անցումային արդարադատությունը, ընդունեն բիզնես դաշտը առողջացնող հարկային օրենսգիրքը, և որ պակաս կարևոր չէ, գրեթե ամենօրյա ռեժիմով շփվեն ժողովրդի հետ և ներկայացնեն իրականացվող փոփոխությունները: 

Նախ՝ շատ զարմանալի է, որ պարոն Սանաասարյանը չի ցանկանում դիսկուրսի մեջ մտնել նախորդ իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Ինչո՞ւ: Այս առաջարկը, իմ կարծիքով, պայմանավորված է նրանով, որ դիսկուրսների մեջ մտնելով նախորդների հետ` գործող իշխանությունների ներկայացուցիչներն ավելի արագ են բացահայտում իրենց անգրագետ և դիլետանտ լինելու փաստը: Երևի պարոն Սանասարյանն առաջնորդվում է «Որքան քիչ խոսեն, այնքան ավելի երկար կպարտակվի որոշ իշխանավորների տգիտությունը կարգախոսի համաձայն: Ինչ վերաբերում է սոցցանցերում նախորդ և ներկայիս իշխանություններին սպասարկող կեղծ օգտատերերին, ապա նախորդները զիջում են և՛ քանակով, և՛ լկտիությամբ, և՛ անմակարդակությամբ: Պարոն Սանասարյանին երևի պետք չէ օրինակներ բերել, թե ՀՀ վարչապետին թեթև քննադատության դեպքում ինչ սարսափելի և այլանդակ վիրավորանքների ես արժանանում: 

Հետաքրքիր է, պարոն Սանասարյանն ինքը հավատո՞ւմ է, որ Հայաստանում բիզնես դաշտը կառողջացվի: Ես կհավատայի, եթե նախորդ իշխանություններին ծառայած օլիգարխներին ներկայիս իշխանությունները մեծ հաճույքով չծառայեցնեին իրենց շահերին: 

Նախորդներին սպասարկող և նույն Փաշինյանի կողմից բազմաթիվ հանցագործությունների մեջ մեղադրված օլիգարխները մեծ հաճույքով ահռելի գումարներ են նվիրում Փաշինյանի կնոջ հիմնադրամին և անձրևանոց բացում ու պահում մերձփաշինյանական շրջապատի ներկայացուցիչների համար, ու որևէ մեկն այսքանից հետո մտածում է, որ Հայաստանում բիզնես դաշտը կառողջացվի՞ նոր հարկային օրենսգրքով: Մեկ տարուց ավել է՝ իշխանությունը Փաշինյանի ձեռքում է: Ի՞նչն է խանգարում վերջինիս, որ այդ օրենսգրքի վրա աշխատանքներ սկսի: Պատասխանը մեկն է․ ով վճարում է, նա էլ պատվիրում է: Նախորդներին սպասարկող օլիգարխները վճարում են ներկայիս իշխանություններին և պատվիրում են իրենց խաղի կանոնները, ինչպես նաև ձեռք են բերում ինդուլգենցիա: 

Ինչ վերաբերում է ժողովրդի հետ շփվելուն: Զարմանալի է, որ դա ասում է մեկը, ում մեկ տարվա մեջ ես և իմ գործընկերը երկու բաց նամակով, մեկ փոստային նամակով ենք դիմել՝ կապված Շիրակի պետհամալսարանի խնդիրների հետ, ու նա չի էլ արձագանքել (միակ պաշտոնյան է, որ մեր դիմումներին ու նամակներին չի պատասխանել): Պարոն Սանասարյան, այդ կոչի իրականացումը ձեզանից սկսեք: Նաև Ձեր անգործության պատճառով է, որ ՇՊՀ-ն կանգնած է կործանման և լուծարման եզրին: Այո՛, մոռացել էի Շիրակի պետհամալսարանը ԵՊՀ, ՀՊՏՀ կամ Գյուղակադեմիան չէ, որ գտնվում են Երևանում, որ Դուք շատ արագ զբաղվեիք մեր բուհի խնդիրներով և ճշտեիք, թե 1,6 տարվա մեջ ինչու 500 միլիոն դրամ պրոֆիցիտով բյուջե ունեցող բուհը, 2018 թ․-ին ոչ միայն չուներ այդ գումարից որևէ լումա, այլև բյուջեի բացասական սալդոն կազմում էր 242 միլիոն դրամից ավել գումար: 

Ինչ վերաբերում է իշխանությունների ներկայացուցիչներին, ինչպես Դուք եք առաջարկում, գրեթե ամենօրյա ռեժիմով շփվեն ժողովրդի հետ և ներկայացնեն իրականացվող փոփոխությունները, ապա նրանց չշփվելը և չներկայացնելը պայմանավորված է մեկ հանգամանքով՝ բան չունեն ներկայացնելու, քանի որ որևէ իրականացված և իրականացվող փոփոխություն այդ նույն ժողովուրդն իր մաշկի վրա չի զգացել և կարող է շատ կոպիտ արձագանքել այդ նույն դիլետանտ իշխանավորի դեմագոգիային: 

Ես, որքան հասկացա, ներկայիս քայլող իշխանավորներն ավելի արագ կտրվեցին հասարակությունից և իրականությունից, քան Սերժ Սարգսյանը 10 տարվա մեջ, երբ ՀՀ նախագահն էր: 

Հ.Գ. Դավիթ Սանասարյանին հիշեցնեմ, որ Հայաստանի նման երկրում հնարավոր չէ ստեղծել քաոս և համատարած դժգոհության ֆոն, եթե իշխանությունները նորմալ աշխատում են, իշխանավորներն էլ իրենց տեղում են: Այդ դեպքում ով ուզում է լինի, այդ թվում՝ նաև նախորդ իշխանությունների ներկայացուցիչներին, չի հաջողվի քաոս ստեղծել, եթե ժողովուրդն իրականում գոհ է իշխանություններից: Իշխանություններին և նրանց կողմնակիցներին անտրամաբանական և անիմաստ բաղադրատոմսեր առաջարկելու փոխարեն հորդորեք վերջիններիս աշխատել, աշխատել ու էլի աշխատել, որ նախորդներին ժողովուրդը չհիշի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել