Վերջին շրջանում լարված իրավիճակ է հասունանում Էջմիածնի քաղաքապետարանի և «Արթուր Ասատրյան» հիմնադրամի միջև։ Կողմերն արդեն հասցրել են ֆեյսբուքյան «փոխհրաձգության» մեջ մտնել միմյանց հետ, բայց տարաձայնությունները միայն ավելի են խորանում։ Այս առնչությամբ մենք կապ հաստատեցինք «Արթուր Ասատրյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Սերգոյանի հետ։
- Պարոն Սերգոյան, վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ Արթուր Ասատրյանը որոշել է կասեցնել իր հիմնադրամի բոլոր տեսակի գործողությունները՝ ի պատասխան Էջմիածի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ցուցաբերած վերաբերմունքի։
- Ճիշտն ասած՝ ոչ ոք, այդ թվում՝ նաև ես, չեմ կարող հանդես գալ նման որոշմամբ։ Նման որոշում կարող է կայացնել միայն ինքը՝ Արթուր Ասատրյանը, և հանդես գալ համապատասխան հայտարարությամբ։ Գոնե ինձ նման որոշման մասին հայտնի չէ, նման հայտարարություն չի արվել պարոն Ասատրյանի կողմից։ Եթե հիմնադրամի գործունեության վերաբերյալ որևէ որոշում լինի, այդ մասին կհայտարարվի։
- Դուք օրերս հանդես եկաք բավականին սուր քննադատությամբ, որն ուղղված էր Դիանա Գասպարյանի հասցեին։ Կոնկրետ ի՞նչ խնդիր ունեք քաղաքային իշխանությունների և անձամբ Դիանա Գասպարյանի հետ։
- Ոչ ես, ոչ էլ մեր հիմնադրամը որևէ խնդիր չունենք թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ։ Եթե խնդիրը կա, ապա դա հակառակ կողմից է, քանի որ մենք միշտ արել ենք ու անելու ենք ամենը՝ ի բարօրություն մեր հարազատ քաղաքի, մեր Էջմիածնի։ Այլ հարց է, որ վերջին շրջանում, մասնավորապես՝ Դիանա Գասպարյանի՝ քաղաքապետ դառնալուց հետո մենք անդադար բախվում ենք անհասկանալի խնդիրների ու բարդացումների։ Տպավորություն է ստեղծվում, որ քաղաքային իշխանությունների կողմից արվում է ամենը, որպեսզի ստվերվի և անտեսվի ամեն բան, որ կապված է «Արթուր Ասատրյան» հիմնադրամի հետ։
- Կա՞ն արդյոք փաստական ապացույցներ, որոնք մատնանշում են քաղաքապետարանի ու անձամբ Դիանա Գասպարյանի անբարյացկամությունը հիմնադրամի գործունեության հանդեպ։
- Իհարկե կան։ Հեռուն չգնանք, ու բերեմ մի քանի օրինակ միայն վերջին շրջանից։ Մենք վերանորոգեցինք քաղաքի հիվանդանոցը, բացման արարողություն կազմակերպեցինք, որին ոչ միայն հրավիրել էինք Դիանա Գասպարյանին, այլև առաջարկել էինք, որ հենց նա կտրի խորհրդանշական ժապավենը, բայց նա անգամ չբարեհաճեց իր ներկայությանն արժանացնել միջոցառումը։
Մեկ այլ օրինակ․ քաղաքի մանկապարտեզներից մեկի ծնողների բազմաթիվ խնդրանքներից հետո հիմնադրամի միջոցներով որոշել էինք վերանորոգել մանկապարտեզի սանհանգույցը, որը կատաստրոֆիկ վիճակում էր։ Գիտե՞ք, թե ինչ պատասխան ստացանք քաղապետարանից․․․Մեզ ասվեց, որ տվյալ հաստատությունը վերանորոգելու կարիք չկա, եթե պետք լինի, մեզ կասվի, թե որ մանկապարտեզը և երբ վերանորոգենք։
Եվս մի օրինակ․ դիմել էինք քաղաքապետարան, որպեսզի տրամադրեն մշակույթի պալատը, քանի որ պայմանավորվածություն էինք ձեռք բերել Գյումրու թատրոնի հետ, որպեսզի գան ու ներկայացում բեմադրեին Էջմիածնի բնակիչների համար։ Իմանալով, որ «Արթուր Ասատրյան» հիմնադրամի հովանավորած միջոցառումն է, քաղաքապետարանը կրկին մերժեց։
Էլ ավելի աղաղակող օրինակ բերեմ․ հիմնադրամը մի շատ գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել՝ նվիրված Երեխաների պաշտպանության օրվան, որին մասնակցել էին հազարավոր էջմիածինցիներ։ Գիտե՞ք, թե ինչ արեցին քաղաքային իշխանությունները։ Սկզբում մեզ թույլտվություն չտվեցին միջոցառումն անցկացնել քաղաքի կենտրոնական հրապարակում, և մենք ստիպված անցկացրինք այն մասնավոր սրճարանի տարածքում, որը վաղօրոք շատ գեղեցիկ զարդարեցինք։ Այնուհետև մենք իմանում ենք, որ Դիանա Գասպարյանը որոշել է մեզ տուգանել միջոցառումն առանց համապատասխան թույլտվության կազմակերպելու համար։ Հասկանո՞ւմ եք, մեզ ուզում են պատժել մի միջոցառման համար, որին մասնակցել է 6-7 հազար էջմիածինցի, և որևէ մեկը անհարմարություն չի ունեցել, որևէ դժգոհություն չի եղել․․․ Եվ սա միայն մի քանի դրվագներ են այն անբարյացկամ, ոչ կոմպետենտ ու մանրախնդիր վերաբերմունքի, որին մենք ականատես ենք լինում Դիանա Գասպարյանի կողմից ամիսներ շարունակ։
- Պատրաստվո՞ւմ եք քաղաքական պայքարի։
- Քավ լիցի, թող մեզ որևէ կերպ սխալ չհասկանան։ Ո՛չ մեր մոտիվները, ո՛չ մեր նպատակները քաղաքական չեն։ Այս ողջ պատմության մեջ միակ քաղաքական մասն այն է, որ տվյալ անհատը զբաղեցնում է քաղաքական պաշտոն ու ներկայացնում է կոնկրետ քաղաքական միավոր։ Մենք ո՛չ պաշտոնի համար ենք պայքարում, ո՛չ քաղաքական միավորի հետ որևէ խնդիր ունենք։
Այո՛, մենք պայքարելու ենք բոլոր իրավական ու հասարակական եղանակներով, որոնք տրված են մեզ օրենսդրությամբ, բայց մեր պայքարը քաղաքական չէ, ընդդեմ որևէ քաղաքական ուժի չէ ու նույնիսկ ընդդեմ Դիանա Գասպարյանի չէ։ Մեր պայքարն առհասարակ ընդդեմ չէ, մեր պայքարը հանուն է, հանուն մեր քաղաքի, մեր քաղաքացիների ու մեր ընդհանուր ապագայի, իսկ տվյալ անհատն ամիսներ շարունակ դրսևորում է վարք, որը բացառում է զարգացող ու բարգավաճող քաղաքի հեռանկարը, ստեղծում է անհարկի խնդիրներ ու լարվածություն։
- Այսպիսով՝ ո՞րն է ձեր պահանջը։
- Մենք պահանջում ենք, որ Դիանա Գասպարյան ն արմատապես վերանայի իր մոտեցումներն ու գործունեությունը։ Եթե նա անի դա, ապա վստահ ենք, որ ինքն էլ կհասկանա, որ մարդկային բոլոր կանոններով պարտավոր է հրապարակային ներողություն խնդրել ինչպես մեր հիմնադրամից, այնպես էլ բոլոր էջմիածինցիներից իր կողմից թույլ տված բոլոր սխալների ու թերացումների համար։ Եթե նա այս ամենը չանի, ապա մենք պայքարելու ենք, որ հրաժեշտ տա քաղաքապետի պաշտոնին։ Մեր քաղաքն ու մեր քաղաքացիները սրան չեն արժանի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



