Պատմության մեջ այս օրը՝ 1962թ. հունիսի 2-ը ԽՍՀՄ պատմության ամենամութ և չլուսաբանված էջերից մեկն է: Այդ օրը պատմության մեջ մտել է, որպես «Նովոչերկասկի աշխատավորների գնդակահարության» օր: Դեռևս 1962թ. հունիսի 1-ի առավոտյան Նովոչերկասկի շոգեքարշի գործարանի աշխատողները, առավոտյան ժամը 10-ին պարենամթերքի գները թանկացնելու պատճառով դուրս եկան գործադուլի, իսկ ժամը 11-ին շարժվեցին գործարանի ղեկավարության մոտ՝ բողոքի ցույցի: Կեսօրին գործադուլի ալիքն արդեն քաղաքի բոլոր գործարաններում էր: Խրուշչովն արդեն տեղյակ էր կատարվող իրադարձությունների մասին: Նա անմիջապես կապ հաստատեց Ներքին գործերի և Պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ԿԳԲ-ի ղեկավարների հետ: Պաշտպանության նախարար՝ մարշալ Մալինովսկին Խրուշչովին զեկուցեց, որ Հյուսիսային Կովկասի զինվորական շրջանի հրամանատար գեներալ Պլիևին արդեն կարգադրել է ըստ անհրաժեշտության օգտագործել 18-րդ տանկային դիվիզիան: Ֆ.Կոզլովի գլխավորությամբ, ով վճռական էր տրամադրված և կողմնակից էր հարցը ուժով լուծելուն, այդտեղ ժամանեց բարձրաստիճան պաշտոնյաների մի խումբ, որոնց մեջ էր նաև Անաստաս Միկոյանը: Այդ ընթացքում ցուցարարների թիվը հասել էր 5000-ի: Հունիսի 2-ի առավոտյան մարդիկ սովորականի պես գնում էին աշխատանքի և, հասնելով գործարանի մոտ, նրանք տեսան, որ ամբողջ գործարանը շրջապատված էր զինվորականներով: Շուտով մարդկանց հոծ բազմությունն երթով շարժվեց դեպի Կուսակցական կոմիտեի շենք: Կամրջի մոտ նրանք կարողացան շրջանցել տանկային շարասյունը: Աշխատավորները պահանջեցին, որ շենքից որևէ մեկն իրենց մոտ դուրս գա և բացատրություն տա որոշման համար: Իր մի քանի հարյուր ավտոմատավորներով Կուսակցական կոմիտեի շենքի մոտ ժամանեց գեներալ Օլեժկան: Նրանք կանգնեցին մարդկանց դեմ հանդիման, և Գեներալ Օլեժկան հորդորեց նրանց ցրվել, այլապես կկիրառվեն միջոցներ: Սկսվեցին կրակոցներ, մարդիկ սկսեցին նահանջել, սակայն, տեսնելով, որ կրակում են օդ, չշարունակեցին նահանջը, այնուամենայնիվ վայրկյաններ անց հրապարակում հայտնվեցին առաջին դիակները: Ցույցը դաժանորեն ցրվեց: ԽՍՀՄ փլվելուց հետո 1992թ.դեպքերի հետաքննության ժամանակ հայտնվեցին առաջին վկաները, որոնք զիվորականներ էին: Նրանց վկայությամբ այդ դեպքերի ժամանակ տեսել են շենքի երկրորդ հարկում՝ պատուհանների մոտ ավտոմատավորների:
Որոշներն էլ վկայում էին, որ տեսել են դիպուկահարների: Ըստ տեղեկությունների՝ այդ ժամանակ Նովոչերկասկում էին գտնվում 9-րդ վարչության պետական պաշտոնյաների պահպանության համար նախատեսված ծառայողներ, ովքեր, և ըստ ամենայնի, կրակել են ցուցարարների վրա: Մինչև այժմ հայնտի չէ այդ դեպքերի ժամանակ սպանվածների ստույգ թիվը: Պաշտոնական տվյալներով շուրջ 24 մարդ է սպանվել: Նովոչերկասկի ողբերգության մասին արգելված էր խոսել տասնամյակներ: Այդ իրադարձությունների մասնակից շատերը ձերբակալվեցին և փակ դատավարությունների միջոցով դատապարտվեցին տասնյակ տարիների ազատազրկման: Նշենք, որ 1992թ. Նովոչերկասկի աշխատավորների գնդակահարության գործով հիմնական մեղավորներ էին ճանաչվել Խրուշչյովը, Միկոյանը, Կոզլովը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: