Այսօր աշխարհասփյուռ հայության համար ժամանակի հրամայական է դարձել ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ-ՍՓՅՈՒՌՔ եռամիասնության ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր դիմակայել մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին, հետամուտ լինել միացյալ և հզոր Հայաստանի ստեղծմանը:

Հազարամյակների ընթացքում մեր ժողովուրդը հաճախ է պարտադրված եղել ցուցադրել ապրելու, հարատևելու իր իրավունքն ու կենսունակությունը, արժանապատվությամբ անցնել անկանխատեսելի փորձությունների քուրայով, որպեսզի այսօր աշխարհին կարողանանք ներկայանալ ավելի թրծված ու բյուրեղացած: 

Միջազգային հանրության աչալուրջ հայացքի ներքո 2016 թվականի ապրիլին, երբ նորից հայտնվեցինք փորձության շեմին, ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ-ՍՓՅՈՒՌՔ եռամիասնությունը հերթական անգամ աշխարհին ապացուցեց իր ամրակայությունն ու հաստատակամությունը: 

Այսօր ես ներքին անհանգստությամբ եմ արձանագրում, որ ոչ բոլոր հասարակական-քաղաքական ուժերը, հեղինակություն վայելող անհատներն են գիտակցում հայկական պետականության շուրջ ստեղծված իրավիճակի լրջությունն ու դրանից բխող վտանգավոր հետևանքները: Որոշ խմբեր և քաղաքական ուժեր, շահարկելով մարդկանց հայրենասիրական զգացմունքները, առաջ են քաշում ժամանակավրեպ լոզունգներ՝ քողարկելով շահադիտական իրենց նպատակները, ինչը ես որակում եմ որպես անհանդուրժելի, հայության նպատակների տառին ու ոգուն անհարիր, ապազգային վտանգավոր երևույթ: Համոզված եմ, որ օրվա հրամայականն է ուղիներ որոնել մեր ազգի հնարավորությունները լիարժեք և նպատակային օգտագործելու համար: 

Նկատի ունենալով այս ամենը՝ ես որոշում եմ կայացրել հանդես գալ նախաձեռնությամբ և հայտարարում եմ 
«ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ» համազգային շարժման մեկնարկի մասին, որի նպատակն է միացյալ և հզոր Հայաստանի ստեղծումը՝ հետևյալ խնդիրների լուծմամբ.

- Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում,
- Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդում,
- Սփյուռքի հետ համագործակցության սերտացում և ազգային արժեքների պահպանություն:

Շարժմանը կարող են միանալ հասարակական, քաղաքական, մարդասիրական և այլ կազմակերպություններ ու անհատներ: 
Սիրելի հայրենակիցներ, միանալով «ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ» համազգային շարժմանը՝ Ձեր ազգանվեր գաղափարներով ու առաջարկներով Դուք գործուն մասնակցություն կունենաք մեր գերնպատակի իրագործմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել