#Իսրայելի պատմության ընթացքում ամենաաղմկալի, ամենառեսուրսատար ընտրական գործընթացի արդյունքում ձևավորված խորհրդարանը գոյատևեց ընդամենը 50 օր, ինքնալուծարվեց: Օրենքով նախատեսված այլ կարգավորումների փոխարեն Քնեսեթը գնաց երկրի պատմության ողջ ընթացքում նման աննանախադեպ՝ ինքնալուծարման սցենարով նաև այն պատճառով, որ կառավարության ձևավորման մանդատը ստացած վարչապետ Նեթանյահուն որևէ կերպ չի ցանկանում զիջել իշխանությունը:
Իսկ աջակողմյան կոալիցիայի ձևավորման գործընթացի տապալման հիմնապատճառը նույնն էր, որը և հանգեցրել էր նախորդ կառավարության հրաժարականին՝ նախկին ՊՆ Ավիգդոր Լիբերմանի և կրոնական կուսակցությունների միջև տևական կոնֆլիկտը՝ տվյալ դեպքում դրսևորված ուղղափառ հրեաներին պարտադիր զորակոչելու վերաբերյալ օրինագծի տեսքով:
Ինչևէ, մինչև սեպտեմբերի 17-ն Իսրայելին, նաև ողջ Մերձավոր Արևելքին սպասվում է բավական անկանխատեսելի ժամանակաշրջան, որոնց ընթացքում վարչապետ Նեթանյահուն փորձելու է և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական ուղեգծերում բավական ակտիվ լինել՝ իսրայելցի ընտրողին համոզելու համար, որ պետության պատմության այս կարևորագույն շրջափուլում ինքը և իր թիմն այլընտրանք չունեն:
Իսրայելում կառավարության ձևավորման գործընթացի տապալումն ինքնըստինքնյան հանգեցրեց նաև տարածաշրջանային մի շարք հանգուցային հակամարտությունների առնչությամբ անորոշության: Դեռևս մեծ հարցականի տակ են պաղեստինաիսրայելական հիմնախնդրի վերաբերյալ ամերիկյան «դարի գործարքի», Իրանի մեկուսացման քաղաքականության շուրջ հետագա զարգացումները, որոնց մասնակից գլխավոր դերակատարների համար կարևորագույն պայման է Իսրայելում կայուն իշխանության առկայությունը: