Մինչև երեկ մայիսի 31-ի հնդիկ արտիստների մասնակցությամբ համերգը հարցականի տակ էր. համերգի կազմակերպիչը չէր կատարել պայմանագրի մի քանի կետ: BlogNews.am-ի հետ զրույցում Վարդանը նշեց, որ բոլոր հարցերը լուծվել են, և համերգը կկայանա հուլիսի 4-ին: «Արտիստներն իրենց համաձայնությունը տվել են, հոնորարներն ուղարկված են, տոմսերը գնված են, Մարզահամերգային համալիրի հետ պայմանագիրը կնքված է կազմակերպչի կողմից: Որևէ խոչընդոտ այլևս լինել չի կարող»:
Այն հարցին՝ իսկ ի՞նչն էր պատճառ հանդիսացել, որ համերգը չեղարկվելու եզրին էր, Վարդանը մանրամասնում է. «Կային կետեր, որոնք չէին արվել, բայց, բարեբախտաբար, բոլոր հարցերը լուծվեցին: Ես կազմակերպչական հարցերով չեմ զբաղվում, միայն ապահովում եմ հնդիկ արտիստների այցը Հայաստան: Այնպես եմ արել, որ դերասանները մաքսիմալ բավարարված գնան մեր քաղաքից, պլանավորել եմ, թե որտեղ պետք է այցելեն: Այդ ամենը նախապես մտածված է: Քանի որ առաջին անգամ են նրանք գալիս Հայաստան, փորձել եմ այնպես անել, որ ամեն ինչ բարձր մակարդակի վրա անցնի, այնպես որ, որևէ կետ խախտելու դեպքում դա ինձ ձեռնտու չէ»:
Նշենք, որ համերգը կայանալու է հուլիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. «Բոլոր հնդիկ արտիստները ժամանելու են: Վստահեցնում եմ, որ համերգը կլինի շատ ավելի լավը: Եթե համերգին պիտի ութսուն պարող մասնակցեր, ապա այս անգամ կլինի հարյուր պարող, եթե պետք է լիներ երեք լեդ էկան, հիմա արդեն ավելի շատ կլինեն: Ինչպես ասում են, ուշ լինի, նուշ լինի: Մենք փոխեցինք ամսաթիվը ոչ թե որ պարզապես համերգը լինի, այլ որպեսզի լինի շքեղ և անմոռանալի համերգ»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի